ԱԺ հատուկ նիստ. Արմեն Սարգսյանը երդվեց (տեսանյութ)
2018 թվականի մարտի 2-ին Ազգային Ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնելու համար Աժ հատուկ նիստը բացվեց։ Ներս բերվեցին ՀՀ պետական դրոշը և նախագահական իշխանության դրոշը։ Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու համար Արմեն Սարգսյանը երդվում է` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության վրա՝ հնչեցնելով հետեւյալ տեքստը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»։ Երդումից անմիջապես հետո Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայրապետական օրհնության կարգ կատարեց։