Ուղիղ. «Այլ երկրներում չեն ասում, մինչեւ գումարը չբերեք, ձեր հիվանդին չենք վիրահատի» (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում ընթանում են «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց, որ ցուցակով սահմանված դեղերը պետք է դուրս գրվեն բացառապես դեղատոմսով։ «Ցանկացած քաղաքացի իր մտավախություններով, իր համոզմունքներով, հարևանների, որոշ դեպքերում ծանոթ բժիշկների համոզմամբ գնում էր դեղատուն և ասում՝ աջ կողքիս ցավ ունեմ, ի՞նչ կառաջարկեք։ Դեղատան աշխատողը դեղեր էր առաջարկում, և ոչ ոք չէր կարող հասկանալ՝ ինչպես է ազդեցություն թողել տվյալ մարդու օրգանիզմի վրա: Այսպիսի իրավիճակ դեղերի բնագավառում տեղի ունենալ չի կարող»: Փոխնախարարը նշեց, որ գիտակցելով, թե մինչև մարտի 1-ը կարող են հերթեր գոյանալ բուժհաստատություններում, այդ պատճառով գործընթացը բաժանել են 3 փուլի. «Առաջին փուլը հակաբիոտիկների դուրսգրումն է, երկրորդ՝ լուծույթների, երակային և ներարկումային դեղերի դուրսգրումը, և ամբողջ կարգի իրականացումը հետաձգել ենք մինչև հոկտեմբերի 1-ը։ Եթե համեմատենք մարտի 1-ը մարտի 26-ի հետ, ապա էականորեն պակասել են այն բողոքները, որոնք նախարարությունը ստանում էր»։ 1150 անուն դեղ կա, որն ազատ վաճառվում է եւ երբևէ չի լինի դեղատոմսով: Ինչ վերաբերում է դեղատոմսի տակ կնիքի առկայությանը, Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց. «Թմրամիջոցների, հոգեմետ դեղերի դուրսգրման նշանակալի թեթևացում է նախատեսվել։ Նախկին կարգը մոտ 3-4 կնիք ու ստորագրություն էր պահանջում, հիմա այս արգելքները հանված են։ Ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել թմրամիջոցներ»։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց, թե արդյո՞ք դեղատոմսով դուրս գրվող դեղերն իրական դեղեր են, թե՞ կեղծ. «Եթե այդ դեղերն այստեղ կան, ապա ինչո՞ւ ենք Եվրոպայից դեղեր բերում և ասում, որ դրանց ազդեցությունն ավելի ուժեղ է»։ Սերգեյ Խաչատրյանը պարզաբանեց, որ դեղատոմսը մեծացնում է բժշկի և դեղատան պատասխանատվությունը. «Դեղատոմսով դուրս գրված ցանկացած դեղի վերաբերյալ կարելի է տեղեկություն ստանալ, ինչպես է դա ներմուծվել, ով է ներմուծել, ինչպես է օգտագործվել, ով է նշանակել»։ Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց. «Այս օրենքը ընդունելիս դուք հանրային կարծիք ուսումնասիրե՞լ եք, մոնիտորինգ արե՞լ եք , հակառակ պարագայում ստացվում է, որ մեր կառարավորությունը կտրված է ժողովրդից: Դուք անընդհատ բերում եք դրսի փորձը, բայց այլ երկրի հիվանդանոցներում չեն ասում, մինչեւ գումարը չբերեք, ձեր հիվանդին չենք վիրահատի: Իսկ ինչո՞ւ այդ մեթոդները չեք յուրացնում, բա էս բաները սովորեք արտասահմանից»: Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ օրենքն ընդունելիս հապճեպություն չի եղել, մենք որոշում ենք կայացրել օրենքի տառին համապատասխան: Ամբողջ գործընթացը վերահսկվում է: Մենք մեր հանրությանը չենք կարող անպաշտպան թողնել սխալ դեղեր օգտագործելու հարցում, եզրափակեց Սերգեյ Խաչատրյանը: