10-րդ անգամ անցկացվեց «Կենգուրուն»
Մարտի 15-ին աշխարհի 80-ից ավելի երկրներում տեղի ունեցավ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը։ Հայաստանը միացել է այս շարժմանը դեռ 2009-ին, և այս տարի «Կենգուրուն» մեր աշակերտների համար անցկացվեց արդեն 10-րդ անգամ։ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող այս թեստային մրցույթի միջոցով Հայաստանի և Արցախի 1070 դպրոցների ավելի քան 43500 աշակերտներ ներկայացրին մաթեմատիկայի և տրամաբանության իրենց հմտությունները։ Այս տարի մրցույթն անցկացվում է «Անհայտից՝ որոշյալ» կարգախոսով. «Կենգուրուն» այս 10 տարիների ընթացքում բազում նոր անուններ է բացահայտել, որոնք արդեն ասել են ու դեռ կասեն իրենց խոսքը մաթեմատիկայի ոլորտում։ «Մենք շատ ուրախ ենք, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ միայն խթանում ենք այս կարևոր առարկայի զարգացումը, այլև տոն ենք պարգևում այսքան մեծ թվով աշակերտների։ «Կենգուրուի» համար այս հոբելյանական տարին մեզ հետ իրենց ուրախությունն են կիսում տարբեր դպրոցների աշակերտներ՝ ցերեկույթներով, փոքրիկ միջոցառումներով ու պարզապես շնորհավորանքներով»,- ասում է մրցույթի կազմակերպիչ «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։ Մրցույթին հատկացված 75 րոպեների ընթացքում 3-12-րդ դասարանցի աշակերտները փորձել են անսխալ որոշել յուրաքանչյուր խնդրի համար առաջարկված 5 տարբերակներից միակ ճիշտը և խստորեն հետևել կանոններին, մասնավորապես՝ խնդիրներն ինքնուրույն լուծելը։ 3-րդ դասարանցի Արփին, որ առաջին անգամ է մասնակցում մրցույթին, 24 խնդրից դժվարացել է լուծել միայն երկուսը։ Սակայն որոշել է մինչև մյուս տարի լավ պատրաստվել և անպայման լուծել բոլոր 24-ը։ 4-րդ դասարանցի Թինան խոստովանեց, որ թեև մաթեմատիկա առարկան իր համար ամենահեշտերից չէ, սակայն նա շատ հաճույքով է մասնակցում մրցույթին, քանի որ սովորում է ինքնավստահ լինել։ «Կենգուրու» մրցույթի արդյունքները կամփոփվեն մոտ մեկուկես ամիս հետո, իսկ «Կենգուրուի» նոր հերոսները՝ «անհայտից» «որոշյալ» դարձած մասնակիցները, հանրությանը կներկայանան ավանդական դարձած մրցանակաբաշխությունների ընթացքում։ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասին 2008 թ. մայիսին «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացրեց «Կենգուրու» առաջին փորձնական մրցույթը, որին մասնակցեց 6 դպրոցների 3-11-րդ դասարանցի 639 աշակերտ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից: 2008 թ. հոկտեմբերին Հայաստանը` ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, դարձավ «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ընկերակցության անդամ: 2009 թ. մարտի 19-ին ՀՀ ԿԳ նախարարության հովանու ներքո և «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ «Կենգուրու» մրցույթն անցկացվեց Հայաստանի բոլոր մարզերում: Յուրաքանչյուր տարի «Կենգուրու» մրցույթի մասնակիցների թիվն ավելանում է։ «Կենգուրուն» տրամաբանական է և հետաքրքրաշարժ: Այն մատչելի է բոլոր երեխաների համար` անկախ նրանց առաջադիմությունից: Մասնակցության նախապայման չունի և բանաձևերի իմացություն չի պահանջում: «Կենգուրու» մրցույթն ամբողջ աշխարհում անցկացվում է նույն օրը, երեխաների համար հարազատ միջավայրում՝ նրանց իսկ դպրոցում: Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ: Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում: «Կենգուրուի» շնորհիվ մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի է դառնում: