Գյուղացիները բանկերին են թողնում իրենց տները՝ վարկի դիմաց (տեսանյութ)
Գյուղացին միայնակ է իր հոգսերի հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Եթե կառավարությունն ազնիվ լինի , ապա պետք է խոստովանի, որ 1 խմ ոռոգման ջուրը 11 դրամից կարող է դառնալ 7 դրամ»: Հակոբ Հակոբյանը պատրաստ է նաեւ ջրի գինը նվազեցնելու ուղիները մատնանշել: «Սա թալան է, դեռ բերքը չջրած գալիս են գումարները հավաքելու: Եթե ուզում եք գյուղացուն օգնել, ոռոգման ջրի հարցը կարգավորեք»: Հակոբ Հակոբյանը խոսում է նաեւ գյուղացիներին տրամադրվող վարկերից: «Մենք չունենք բանկային համակարգ, գյուղացիներին տրամադրվող վարկի տոկոսաչափը պետք է լինի 6: Գյուղացուն վարկ տրամադրելու ժամանակ շատ են պահանջվող փաստաթղթերը եւ սպասարկման վճարները«: Գյուղացուն կառավարությունից ձեւական օգնություն պետք չէ, ընդամենը չպետք է խանգարել, համոզված է նախկին պատգամավորը: «Գյուղերում կան տներ, որոնք անցել են բանկերին: Գյուղացին առավոտից երեկո աշխատում է , բայց եկամուտ չունի: Ստացվում է, որ մենք մարդուն տալիս ենք աշխատանք, որ աշխատի եւ տարին պարտքով փակի: Այսօր գյուղացին գոյատեւում է, չի ապրում, տնտեսությունը զարգացնելու համար գումար չունի, իսկ ովքեր, որ բանկերից են գումար վերցրել, ընկել են տոկոսների տակ»: Արտադրողից մինչեւ շուկա պետք է այնպես կազմակերպել, որ գյուղացին վնասներ չկրի, ասում է Հակոբ Հակոբյանը: Ըստ հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի՝ ղեկավարումից քիչ բան է կախված, փոխարենը շատ բան կախված է եղանակից, հողի տեսակից եւ մշակման ձեւից: Լեռնիկ Ալեքսանյանն առաջարկում է առաջնորդվել գյուղատնտեսության զարգացման տեսլականով , որն է՝ կատարել գույքագրում եւ տրամադրել խորհրդատվություն: Պետությունն այսօր աշխատում է խնդիրները լուծելու ուղղությամբ,- հավելեց Լեռնիկ Ալեքսանյանը: