Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Քաջազնունու հիշատակը հարգողների շարքերում պաշտոնյաներ չկային (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qajaznuni

Հայաստանի  Հանրապետության  հիմնադիրներից Հովհաննես Քաջազնունին մահացել է 1938 թվականի այս օրը՝ հունվարի 15-ին խորհրդային բանտում` թոքաբորբից։ Այսօր մի շարք քաղաքացիներ Քաջազնունու շիրիմի մոտ  խնկարկեցին և մոմեր վառեցին՝  ի հիշատակ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետի, այնուհետ խորհրդարանի նախագահի։  «Եթե Արամ Մանուկյանը եղավ հիմնադիրը, մարմնացնողը Առաջին Հանրապետության, ապա Հովհաննես Քաջազնունին եղավ ոգին այդ Հանրապետության,  որովհետև իր ազնվությամբ իր նվիրվածությամբ դարձավ սիմվոլը։ Եվ սրունդները, պետական այրերը նրանից  շատ բան ունեն սովորելու և կերտելու»,-ասում է ՀՅԴ անդամ Ալբերտ Աճեմյանը։ Քաջազնունու գերեզմանի տեղը հստակ հայտնի չէ: Խորհրդային միության տարիներին  նրա դուստրը հուշաքար է դնում հոր համար՝ Երևանի գլխավոր քաղաքային գերեզմանատանը, որը այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը: «Հավանաբար նա թաղվել է Կոզերնի գերեզմանատանը, որտեղ հիմա վեր է խոյանում Հայաստանի ԱԺ շենքը, ենթադրվում է, որ նրա մարմինը մնացել է այդ շենքի տակ»,-նշում է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Հովհաննես Քաջազնունու ընտանիքը ևս նվիրված է եղել հայրենիքին։ Քաջազնունին ունեցել է վեց զավակ՝ չորս որդի և երկու դուստր։ Նրա որդիները զոհվել են Հայաստանի համար մղված կռիվներում։  «Ալբերտ Հովհաննեսի Քաջազնունին քսան տարեկանում է մահացել, մի մարդու որդի, որը մի քանի օր անց պիտի դառնար վարչապետ՝ տղային ուղարկում է պատերազմ։ Հիմա այսօրվա քաղաքականության համար անհասկանալի երևույթներ են։ Ես չեմ ուզում որևէ մեկին թերագնահատել, բայց պատկերացնո՞ւմ եք, այս օրով պատերազմ սկսի և մեր վարչապետի որդիները որտե՞ղ կլինեն»,- ասում է Թաթուլ Հակոբյանը։ Հովհաննես Քաջազնունին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերից է։  1918 թ-ի փետրվարին  ընտրվում է Անդրկովկասյան սեյմի անդամ, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո նա նշանակվում է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։  1919 թվականին մեկնում է ԱՄՆ՝ վարելու հայանպաստ բանակցություններ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում։ 1921 թվականին գրելով «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» աշխատությունը, որը նախապես ուղարկում է կուսակցության խորհրդաժողովին, լքում է ՀՅԴ շարքերը: Լինելով  ճարտարագետ՝ Քաջազնունին իր ժամանակի Կովկասում գործող լավագույն ճարտարապետներից մեկն էր և այնուհետև զբաղվում է իր մասնագիտությամբ։ Նրա նախագծով է կառուցվում 1907 թվականին Բաքվի Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը, որը սակայն 1930-ականներին քանդվեց։  Ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ 1937 թ-ին, նա ձերբակալվում է և մեկ տարի անց մահանում բանտում։  Հովհաննես Քաջազնունու հիշատակը հարգողների շարքերում չկային պաշտոնյաներ։ Փետրվարի 14-ին լրանում է Քաջազնունու ծննդյան 150-ամյակը։ Այսօր  նրան հիշողները հույս ունեն՝ գոնե այդ օրը  տեսնել  իշխանության ներկայացուցիչների։