Հրանտ Մելքումյանը՝ Լոնդոնի մրցաշարի միանձնյա առաջատար
London Chess Classic շախմատի գերհզոր մրցաշարի շրջանակում անցկացվող Chess Classic FIDE OPEN մրցաշարում կայացավ 7-րդ տուրը: Մեր շախմատիստ Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթեց անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսին եւ դարձավ միանձնյա առաջատար: Նա այժմ ունի 6,5 միավոր, ինչը բավական բարձր արդյունք է նման մրցաշարերում: Այսօր կայանալիք նախավերջին 8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կհանդիպի իսրայելցի Տամիր Նաբաթիի հետ, որը միակ մրցակիցն է, որը կես միավորով է ետ մնում առաջատարից: Ընթացիկ տուրում հաջող հանդես եկավ նաեւ մեր մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը: Նա հաղթեց հնդիկ միջազգային վարպետ Քրիշնային, վաստակեց 5,5 միավոր եւ այժմ բաժանում է 3-20-րդ տեղերը: Այսօր Գաբրիել Սարգսյանը սեւերով կմրցի գերմանացի գրոսմայստեր Ֆլորիան Հանդկեի հետ: