Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորական ուղերձներ՝ Արցախի անկախության տոնի առթիվ

Կարևոր լուրեր Պաշտոնական
Untitled-collager4

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը: Պատերազմի կրակների և ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով և վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ: Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին, բայց նաև ժամանակակից է և ընդունակ տեղայնացնելու այն լավագույնը, որ մարդկությունը ստեղծել է գիտության ու մշակույթի, տնտեսության ու քաղաքականության և այլ ասպարեզներում: Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն: Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ: Արցախի պաշտպանները գիտեն կռվել և հանուն ինչի կռվել: Արցախի զինված ուժերը պաշտպանում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և մեծ հաշվով՝ ողջ հայության անվտանգությունը: Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը: Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է և ողջ հայությունը: Այս փառավոր օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջև: Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը: Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: -------------------------------- Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ /ք.Ստեփանակերտ, 2 սեպտեմբերի 2017թ./     Սիրելի՛ հայրենակիցներ,   Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին: Այս տարիների ընթացքում Մայր Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մեզ հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, որոնք օր օրի մոտեցնում են մեզ համազգային նպատակների իրականացմանը, մեր երկիրը դարձնում ավելի ուժեղ եւ ամուր: Վստահ եմ՝ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի եւ օրինական որոշումը, անպայման կընդունի ստեղծված իրողությունները, որոնք վկայում են համամարդկային արժեքներին եւ միջազգային նորմերին ու սկզբունքներին մեր հավատարմության մասին: Վստահ եմ, որովհետեւ մեր ժողովուրդն արդեն երկար տարիներ իր քրտնաջան աշխատանքով ու քաջ զավակների անձնվեր ծառայությամբ ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել իր հայրենի օջախը, իր անկախ պետականությունը: Թանկագի՛ն հայրենակիցներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, բարեկեցություն ու բարգավաճում՝ մեր ժողովրդին ու հայրենիքին: