Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի պաշտպանների հարցը դեռևս լուծում չի ստանում. նիստը հետաձգվեց

Քաղաքականություն
sasna-crer-1

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը։ Նիստին ներկա չեն Գագիկ Եղիազարյանի փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը և Տիգրան Եգորյանը։ Ամբաստանյալն այդ պատճառով դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը։ Նիստին ներկա չէ նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը, որը գտնվում է արտերկրում։ Դատարանը ցանկանում էր Արմեն Բիլյանի համար հանրային պաշտպան ներգրավել Գարեգին Մարգարյանին։ Բիլյանը հրաժարվել է նրա ծառայությունից։ Արմեն Բիլյանի նկատմամբ սանկցիա է կիրառված, նա չի մասնակցում նիստին։ Սմբատ Բարսեղյանի համար երկրորդ հանրային պաշտպան ներգրավվեց նույն Գարեգին Մարգարյանին, առանց հաշվի առնելու Բարսեղյանի կարծիքը։ Առաջին հանրային պաշտպանը հրաժարվել էր ձևականորեն ներգրավվել որպես պաշտպան։ Հենց դա էլ պատճառ է դարձել երկրորդ հանրային պաշտպան ներգրավելու որոշման։ Դահլիճում ներկա փաստաբանները առարկեցին դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումները։ Դատավորին դա էլ չխանգարեց։ Հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը հայտարարեց, որ ինքը Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը կստանձնի միայն նրա ցանկությամբ։ Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ հանրային պաշտպանի գրասենյակն է Սմբատ Բարսեղյանի համար երկրորդ հանրային պաշտպան նշանակել, այն նկատառումով, որ առաջին հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը ծանրաբեռնվածության պատճառով գուցե չի կարողանա պաշտպանել Բարսեղյանի շահերը։ Տեղում նստած ծիծաղելու, և ոչ խոսելու համար նիստերի դահլիճից հեռացվեց Գագիկ Եղիազարյանը. «Ես չէի խոսում, ծիծաղում էի», ֊ասաց Եղիազարյանը, դատավոր Գաբրիելյանը հակադարձեց. «Ծիծաղել էլ չի կարելի»։

Արտուշ Գաբրիելյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Վերջինս ևս մեկ անգամ կրկնեց՝ ինքը չի կարող պաշտպանել Սմբատ Բարսեղյանի շահերը, եթե չունի նրա համաձայնությունը։

Նիստը հետաձգվեց։