«Երեւան»-ը վերադառնում է անակնկալներով
«Երևան» քառյակը, որն այլ կազմով գոյություն է ունեցել տարբեր ժամանակահատվածներում՝ ընդհուպ մինչև 90-ականները, այժմ հանդիսատեսին է ներկայանում նորովի՝ ստեղծագործական նոր նպատակներով։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Երևան» քառյակի դեբյուտային համերգը:
«Քառյակի վերակազմավորման գլխավոր նպատակը հայ կոմպոզիտորներին և հայկական երաժշտությունը հնարավորին չափ միջազգային դարձնելն է», - ասում է հիմնադիր Նարեկ Սահակյանը:
Երեք ամիս առաջ վերաձևավորված քառյակի կազմում են Նարեկ Սահակյանը (առաջին ջութակ), Արտաշես Մելիքյանը (երկրորդ ջութակ), Վերոնիկա Վարդպատրիկյանը (ալտ) և Միքայել Նավասարդյանը (թավջութակ)։
Խմբի երկրորդ ջութակահար Արտաշես Մելիքյանը, խոստովանում է, որ լսելով քառյակի վերաձևավորման գաղափարի մասին՝ ոգեւորվել է։
« Երբ Նարեկն առաջարկեց վերստեղծել խումբը, անմիջապես համաձայնեցի, քանի որ ինձ մոտ էլ հասունացել էր այդ պահանջը: Իհարկե, մի փոքր բարդ է խումբ ձևավորելը, սակայն մեծ ոգևությունն ու թիմային աշխատանքում ջերմ մթնոլորտը գլխավոր խթանն են։ Մեր նպատակն է գեղեցիկ եւ գրագետ մատուցել հայկական դասական երաժշտությունը»,-ասում է նա։
Անդրադառնալով հարցին, որ դասական երաժշտությունը ողջ աշխարհում դժվար է ունկնդիր գտնում, նորաստեղծ երաժշտախմբի անդամները նշեցին, որ այս ժանրի երաժշտությունը հասանելի ու սիրելի դարձնելու համար պետք է գտնել այն ավելի ճիշտ ներկայացնելու ձևաչափ։
«Ճաշակը ձևավորվում է՝ ըստ մատուցման ծավալի։ Ինչը շատ է մատուցվում, լսարանի ճաշակն այդ ուղղությամբ է զարգանում,-ասում է Նարեկ Սահակյանը,- Իհարկե դժվար կլինի, քանի որ նախևառաջ մարդ պետք է ցանկություն ունենա գալ դասական համերգի: Բայց մենք այդ խնդրի լուծումն էլ ենք գտել: Մեր ներկայացումները չեն սահմանափակվի միայն ստեղծագործությունների կատարումներով, կլինեն ժամանակակից լուծումներ՝ տեսարանների ցուցադրումներով: Հնարավոր ամեն միջոց փորձելու ենք կիրառել, որպեսզի հանդիսատեսը գա ու լսի այն ստեղծագործությունը, որը կարող է ավելի լավ ճաշակ ձևավորել թե նրանց, թե հետագա սերունդների համար»։
Երիտասարդ երաժիշտները խոստացան. քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա։ «Երևան» քառյակին հանդիսատեսը ունկնդրելու հնարավորություն կունենա ոչ միայն Երևանում։
