ՌՈԼԱՆԴ ՌԵՅՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Մինորա» մշակութային կենտրոնի տնօրեն, պրոդյուսեր, երգիչ Ռոլանդ Ռեյը պատրաստվում է դատի տալ Հանրային հեռուստատեսության եթերով հեռարձակվող «32 ատամ» ակումբ հաղորդաշարի հեղինակներին, եթե վերջիններս հրապարակային, այսինքն` իրենց հաղորդման ժամանակ, ներողություն չխնդրեն իրենից:
Հունվարի 21-ին «32 ատամ» հաղորդման ժամանակ հումորներից մեկը վերաբերվել է Ռոլանդ Ռեյին: Մի քանի երգիչների անունների հետ միասին նրան եւս դասել են «Էշ տասնյակի» շարքում. «Նրանք իրավունք չունեին իմ անձը վիրավորել: Ես վաղուց չեմ երգում»: Թվարկված երգիչների շարքում է եղել նաեւ Արման Բարդումյանը,որին դիմել են, ասել է. «Ես այլ ձեւով կլուծեմ հարցը»: Սակայն Ռոլանդ Ռեյը չի ընդունում այլ ձեւը:
Ըստ նրա, «32 ատամը» «Comedy club»-ի պատճենահանված վատ տարբերակն է. «Եթե ասում են, թե դա իրենց ֆորմատն է, ինչո՞ւ մի քանի երգիչների չեն կպնում, այլ միայն մի քանիսին: Եթե անում են, ապա թող հավասար անեն: Իրենք ո՞վ են, ես իրենց թույլ չեմ տվել»:
Ռոլանդ Ռեյը խոսել է «Comedy club»-ի ներկայացուցիչ Տատյանա Վիչենկոյի հետ, որը իսկապես ընդունել է, որ հումորը ճիշտ չի արվել: Բացի այդ, Ռեյը ներկա չի գտնվել արկումբում, իսկ ռուսական տարբերակում այն անձը, ով «ենթարկվում» է հումորի, պետք է անպայման ներկա լինի այնտեղ եւ տա իր թույլտվությունը:
Ի դեպ, «Հայելի» ակումբը հրավիրել է բանավեճի նաեւ հաղորդման հեղինակներին, որոնք հրաժարվել էին ներկայանալ:
Նշենք, որ արտասահմանյան իրականության մեջ շատ են դեպքերը, երբ նմանատիպ հաղորդումների համար երաժիշտները դատի են տալիս հեղինակներին: