ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ ՏՐՈՐԵԼԸ` ԴԱ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՍԻՐՈ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՆայջել Չարնոքի «Ֆրանկ» ներկայացումն այսօր չեղյալ հայտարարվեց: Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանում երկօրյա հյուրախաղերով գտնվող «անգլիական ազգային գանձ» համարվող դերասանի ներկայացումը մեծ իրարանցում էր առաջացրել ինչպես հանդիսատեսների, այնպես էլ ՀՀ մշակության նախարարության, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի աշխատակազմի շրջանում:
Չարնոքի` երեկվա ներկայացմանը ներկա գտնվողները բողոք-նամակներ էին տարածել այն մասին, որ «ներկայացումը պարզապես խեղկատակություն էր եւ թյուրիմացություն` ուղղված Հայաստանի Հանրապետության եւ նրա ազգաբնակչության դեմ: Մի՞թե շիզոֆրենիայով տառապող ինչ-որ անձնավորության այս ու այն կողմ ներքնազգեստով վազվզելը, իր ինտիմ վայրերից շարունակաբար կառչելը, ՀՀ դրոշի վրայով քայլելը, ՀՀ նախագահի անունը անհարկի շահարկելը եւ թմրամիջոցների կիրառում ու անկանոն սեռական վարքագիծ քարոզելը կարելի է համարել ներկայացում»: ՀՀ մշակույթի նախարարությունը եւս արձագանքել էր մեծ աղմուկ հանած ներկայացմանը եւ ափսոսանք հայտնել, որ Նաջել Չարնոքը ներկայացրածը «հակագեղագիտություն է, ճաշակի ու չափի բացակայություն, սին ու անարժեք մի արվեստ»: Այնուհետեւ զգուշացնում, որ «Չարնոքը սեփական դրոշի հետ կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է` ոտքի տակ գցել, ծամել, կուլ տալ, բայց հայկական Եռագույնը գորգի պես օգտագործելը, վրան պարելն ու ծամածռվելը` անթույլատրելի է — օրենքով պատժելի»:
Նայջել Չարնոքն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակայնորեն ներողություն խնդրեց հայ ժողովրդից՝ ասելով, որ ինքը երբեւիցե չի ձգտել վիրավորել որեւէ մեկին, իսկ եթե ինչ-որ մեկին դուր չէր եկել ներկայացումը, ապա կարող էր ընդամենը լքել դահլիճը: Դերասանի կարծիքով՝ պարելով ու տրորելով հայկական Եռագույնն ու բրիտանական դրոշը, դրանով նա իր սերն է արտահայտել հայերի ու հայ ժողովրդի նկատմամբ եւ ներկայացրել հայ-բրիտանական բարեկամությունը:«Ես պարուրված էի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ սիրով ու պարում էի ուրախությունից»,- զմայլված ասում էր դերասանը:
Իսկ Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Տոնիկ Ռոկերն իբրեւ արդարացում դերասանի սանձարձակ պահվածքի՝ նշեց, որ իրենք՝ անգլիացիները չգիտեին, որ դրոշը տրորելը Հայաստանում քրեորեն դատապարտելի է, իսկ Բրիտանիայում` «ինչ կուզես կարող ես անել ազգային դրոշի հետ, միայն՝ ոչ վառել»: «Դա միտումնավոր արված չէր, մենք նման նպատակ չենք ունեցել»,- արդարանում է Տոնիկ Ռոկերը, թեեւ հենց Չարնոքը խոստովանեց, որ մինչեւ Հայաստան գալն ինքը հետաքրքրվել է Հայաստանի նիստուկացով: Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Լուսինե Ղուլյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իրենք տեղյակ չէին, որ նման՝ ոչ պատշաճ տեսարաններ են լինելու ու տրորվելու է Եռագույնը: «Չարնոքը ստեղծագործում է իմպրովիզներով եւ երբեք հնարավոր չէ կանխատեսել նրա գործողությունները»,- հավաստիացնում է Լուսինե Ղուլյանը: Ի դեպ, ներկայացումը ցուցադրվել է առանց նախնական փորձերի, քանի որ Ստանիսլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը վստահել է կազմակերպիչներին: «Շատ տաղանդավոր, բայց հրեշավոր խուլիգան: Ներկայացումը հակաէսթեթիկական ու անբարոյական էր: Հայաստանի նկատմամբ սերը նա կարող էր արտահայտել այլ կերպ: Սա Չարնոքի ամենանհաջող ներկայացումն էր: Իսկ երեկ դահլիճում նաեւ անչափահասներ կային: Պետական թատրոնի բեմի վրա նման ներկայացումները բացառվում են»,- ասում է Ալեքսանդր Գրիգորյանը:
Չարնոքը խոստացավ այլեւս նման ձեւով չպահել իրեն ու հանել բոլոր վիրավորական հատվածները, միայն թույլ տան, որ ներկայացումը տեղի ունենա: Սակայն, դա տեխնիկապես էլ հնարավոր չէր. բեմն ամբողջովին ձեւափոխվել էր վաղվա այլ ներկայացման համար, իսկ նորից ձեւափոխելու համար շատ ժամանակ կպահանջվեր:
Իսկ այդ ընթացքում մարդիկ ներկայացման տոմսերը ետ էին վերադարձնում տոմսարկղեր: