Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՊԵՍ ԵՏ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԱԾ ԲԵՄԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Մշակույթ

1990-ական թվականներին Հայաստանից հեռացած օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի 25-30 շնորհալի պարողներ այսօր մեծ հաջողություններ ունեն աշխարհի տարբեր բեմերում եւ նրանցից յուրաքնաչյուրն իր հանգրվանած երկրի թատրոնի բեմի առաջատարն է: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը գտնում է, որ եթե հնարավոր լիներ նրանց բարձր աշխատավարձով վարձատրել եւ ետ բերել, ապա մեր բալետը ծաղկման գագաթնակետին կհասներ. «Մի ներկայացում ունեցանք, նրանք արձակուրդներին այստեղ էին եւ մասնակցեցին մեր ներկայացումներին, հայ հանդիսատեսը նման բան չէր տեսել: Դահլիճը ուրախությունից պայթում էր: Առայժմ, հեռացողների վերադարձը բացառվում է, սակայն մի օր հաստատ վերադառնալու են»:

Այլ թատրոնների համեմատությամբ, ըստ Կամո Հովհաննիսյանի, այսօր օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի աշխատողների աշխատավարձը բարձր է. 25 000-70 000 դրամ, սակայն թատրոնն ունի բազմաթիվ խնդիրներ. դերասաններն այլ երկրներից հրավերներ ստանալիս շատ անգամ չեն կարողանում գնալ` ֆինանսների սուղության պատճառով: «Վարձատրման խնդիր կա, որ մեր շնորհաշատ արտիստերը հրավեր ստանալուց ոչ թե մտածեն գնալ, թե չգնալ, այլ միանգամից համաձայնեն: Կամ գնալուց` չմնան այնտեղ, այլ վերադառնան»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Ըստ 300 հոգուց ավելի ստեղծագործական կոլեկտիվ ունեցող թատրոնի տնօրենի, նաեւ վերպատրաստման կարիք ունեն թատրոնի 6 կոնցերտմեյստերները. «Կոնցերտմեյստերը բացի դաշնակահար լինելուց, նաեւ պետք է տիրապետի իտալերենի, ֆրանսերենի, գերմաներենի: Պետք է գիտակ լինի, որովհետեւ նաեւ սովորեցնող է: Սա մասնագիտություն է, որը պետք է կատարելագործվի»: Առաջին անգամ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է երկու մարդու ուղարկել վերապատրաստման:

Այդուհանդերձ, իր մշտական հանդիսատեսն ունեցող թատրոնը 2003-2004թթ. իր երկրպագուների շարքը համալրել է երիտասարդներով: Սակայն թատրոնը օպերային եւ բալետի ներկայացումների միայն պրեմիերաների ժամանակ է լեփ- լեցուն լինում: Կամո Հովհաննիսյանն ինքն էլ խոստովանում է, որ բարձր արվեստի շարքին դասվող դասական ստեղագործություններն իրենց հանդիսատեսի քանակով զիջում են Սիրուշոյի, Սյուզան Մարգարյանի, Բղդոյի եւ այլոց հանդիսատեսին:

Ի դեպ, այս տարվա ընթացում թատրոնը պատրաստվում է երեք նոր ներկայացումների` «Արշակ 2-րդ», «Դավիթ Բեկ» եւ«Սայաթ Նովա»: «Եթե ֆինանսական հնարավորություններ լինեն, տարին մի քանի ներկայացում կունենանք: Աշխարհում ներկայացումներն արժեն 2 մինչեւ 10 միլիոն դոլար, իսկ մեզ մոտ ծախսում ենք 40 000 դոլար»,- փաստեց Կամո Հովհաննիսյանը եւ հավելեց, որ չեն պատրստվում թանկացնել ներկայացումների տոմսերի արժեքը. «Տոմսերն արժեն 1000-3000 դրամ: Մեր հանդիսատեսն այն խավն է, որը հնարավորություն չունի ավելի բարձր վճարել»: