Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՖԻԼՄԵՐ, ԻՍԿ ԿԻՆՈ` ՈՉ

Մշակույթ

«Կինոն ռիսկային բիզնես է»,- կարծում է կինոգետ Միքայել Ստամբոլցյանը եւ ավելացնում, որ «առանց պետական հովանավորության մեր նման փոքր երկրներում կինոն չի կարող զարգանալ»: Իսկ պետությունը ֆիլմարտադրությանն աջակցում է մասնակիորեն՝ ապահովելով ընդհանուր ծախսերի միայն 70%: Վերջին 7-8 տարիներին պետբյուջեով նախատեսված ֆինանսական այս աջակցությունն անփոփոխ է մնացել:

Կինոգետը դա նորմալ է համարում. «Մեր նման բոլոր փոքր երկրներում, բացի Իսլանդիայից, չկա պետական ամբողջական ֆինանսավորում: Իսկ Ռուսաստանում 1990-ականների վերջին պետական օժամդակությունը մոտ տասն անգամ բարձրացրին, սակայն հիմա կամաց-կամաց այն պակասեցնում են: Ռուսներն ունեն պրոդյուսերական լավ կառույց, որն ավելի մեծ գումարներ է հայթայթում ֆիլմերի նկարահանման համար: Հայաստանում միայն «պրոդյուսեր» անունը կա, իսկ իրականում չկա այդ գեղարվեստական, ֆինանսական պատասխանատուն»:

Միքայել Ստամբոլցյանը նաեւ այն կարծիքին է, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում սեփական արտադրության ֆիլմեր շատ քիչ են նայում եւ չունեն շուկայական արժեք, բացառությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Դանիայի: Պատճառը նախ եւ առաջ համապատասխան գովազդման ու տարածման բացակայությունն է: Այդ խնդրով պարտավոր է զբաղվել պետությունը: Մեր երկրում «Հայֆիլմ»-ի փակումից հետո ստեղծվեց ՀՀ մշակույթի նախարարությանը կից «Ազգային կինոկենտրոն»-ը, որը միտված է զբաղվելու հենց այդ հարցերով: Սակայն, նորաստեղծ կենտրոնը դեռեւս ճշտում է իր գործառույթները: Թեեւ, կենտրոնի կազմակերպչական եւ պետության ֆինանսական աջակցության շնորհիվ արտադրության մեջ են արդեն 4-5 ֆիլմ, որոնք այս պահին գտնվում են տարբեր էտապներում: Իսկ 2006թ. ընթացքում նկարահանվել է ընդամենը մեկ ժապավենային ֆիլմ՝ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի»-ն, որը ներկայացվում է իբրեւ 2007թ. արտադրանք, որպեսզի գոնե երկու տարի կարողանա մասնակցել միջազգային տարբեր փառատոնների:

Ինչ վերաբերում է հայկական ֆիլմերի ստեղծագործական որակին, ապա պարոն Ստամբոլցյանը խուսափեց որեւէ գնահատական տալ, քանի որ կարծում է, որ. «Տարեկան արտադրվող մեկ ֆիլմից ակնկալել մեծ որակ՝ ուղղակի միամտություն է, քանի որ չկա մրցակցություն եւ համեմատել հնարավոր չէ՝ սա լավն էր, սա՝ ոչ: Ընդհանրացումներ անել հնարավոր չէ. հիմա ընդամենը կան առանձին-առանձին ֆիլմեր, իսկ կինո՝ ոչ: Երբ արտադրվեն տարեկան 12-15 ֆիլմ, որը երբեք չի եղել, բայց անպայման լինելու է ու շատ մոտ ապագայում, այն ժամանակ կարտահայտվենք, թեեւ կինոքննադատի խոսքին այսօր, ցավոք, ուշադրություն գրեթե չեն դարձնում»:

Պարոն Ստամբոլցյանը հայ կինոարտադրության այս հեռանկարն ուղղակի լավատեսություն չի համարում, այլ համարում է սովորական հաշվարկ՝ ի նկատի առնելով փոքր երկրների փորձը: