Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԹՕՋԱԽԸ` 1 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՀՈՍԱՆՔԻ

Մշակույթ

Երեւանի «Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը» արդեն մեկ տարուց ավելի հոսանքազրկված է: Քոլեջի ուսանողները ձայնագրություններ լսելու համար օրական մեկ տուփ մարտկոց են օգտագործում: Երիտասարդական պալատի հարեւանությամբ, Սարալանջի 1 հասցեում տեղակայված քոլեջի տնօրինությունը բազմիցս դիմել է Էլեկտրոցանց, ճշտելու, թե ի՞նչն է հոսանքի բացակայության պատճառը:

Ըստ քոլեջի տնօրեն Ակսել Բակունցի, ստեղծված իրավիճակի մեղավորը էլեկտրոցանցը չէ, քանի որ հոսանքն անջատել է Երիտասարդական պալատը սեփականացրած «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը: Անգամ էլեկտրոցանցն է դատի տվել տարածքը սեփականացրած ընկերությանը. «Երեք ամիս է, ինչ էլեկտրոցանցը դատը շահել է, բայց սեփականատերը չի միացնում հոսանքը»,- տեղեկացնում է Ակսել Բակունցը: Հոսանքից զատ, քոլեջը շատ վաղուց մոռացել է նաեւ հոսող ջրի մասին, ինչի պատճառը, ըստ քոլեջի տնօրենի, ջարդված խողովակներն են:

120-ից ավելի ուսանողներ ունեցող այս ուսումնական հաստատությունում ջեռուցում ընդհանրապես չկա, ստիպված կամ դասերն են հետաձգում, կամ դրանք անցկացվում են 0-ից ցածր ջերմաստիճանով լսարաններում: «Եթե հոսանք լիներ, էլեկտրական սալիկներով կտաքացնեինք, սակայն այս պայմաններում ոչինչ անել չենք կարող»,- սրտնեղում է պարոն Բակունցը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ կրթական հաստատությունների տարածքն օտարման ենթակա չէ. օտարվում է միայն այն դեպքում, երբ տրամադրվում է համապատասխան տարածք: Երիտասարդական պալատի առաջին հարկը պատկանում է «Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջին», մինչդեռ պալատն արդեն սեփականշնորհված է «Ավանգարդ մոթորս»-ի կողմից: «Մեզ խոստացել են, որ պետք է Մշակույթի քոլեջի հետ նույն շենքում գործենք: Սակայն պայմանագրում նշել ենք, որ կտեղափոխվենք այն դեպքում, երբ վերանորոգեն, իսկ սեփականատերը գումար տալու մասին չի մտածում»,- դժգոհեց Ակսել Բակունցը:

Հ.Գ. Այն օրից, ինչ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը ջազ է սիրում, նրա շրջապատը միանգամից փոխեց ջազի մասին իր ունեցած նախկին պատկերացումները, եւ սկսեց ջազ լսել:

Սակայն ջազի հանդեպ պետական վերաբերմունքը դրանից չփոխվեց: