ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ ՄԻ ՔԱՆԻ ԹԱՏՐՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի կվերանորոգվեն Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի եւ Խամաճիկների պետական թատրոններն ու «Համազգային»-ը: Այս թատրոնները կվերազինվեն նաեւ լուսաձայնային նոր սարքավորումներով: «Հավուր պատշաճի ներկայանալու համար սա մեծ անհրաժեշտություն է: Թատրոններում դեռ օգտագործում են 60-70թթ. հին տեխնիկան, որ շարքից լրիվ դուրս է եկել»,- խոստովանում է ՀՀ մշակույթի նախարարության Արվեստի եւ ժողովրդական ստեղծագործության բաժնի պետ Ռազմիկ Աբրահամյանը:
Վերանորոգման աշխատանքները իրականացվում են ՀՀ Մշակույթի նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրով: Ռազմիկ Աբրահամյանը անկեղծորեն նշում է, որ դա շատ փոքր աջակցություն է, քանի որ «թատրոնն այն հաստատությունն է, որ կարող է գոյատեւել միայն բյուջեի հաշվին, իսկ վաճառված տոմսերից ստացված եկամուտը ընթացիկ ծախսերն ընդհանրապես չի փակում»: «Յուրաքանչյուր թատրոնի՝ իր կառուցվածքի ու կադրերին համապատասխան տրամադրում ենք տարեկան մինչեւ 30 % սուբսիդներ, որոնք, թեեւ, դեռ դոտացիա չեն: Մեր սուբսիդների շնորհիվ ապահովվում է ընդամենը աշխատավարձի 70 % եւ կոմունալ մի շարք հարցեր»,- նշում է պարոն Աբրահամյանը:
2003-04թթ. Լինսի հիմնադրամի գումարներով հիմնովին վերանորոգվել է պետական հինգ թատրոն: Դրանցից, սակայն, Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ադմինիստրատիվ շենքը դեռ չի վերանորոգվել եւ ընդգրկված է 2007-09թթ. նախարարության ծրագրերում:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում այսօր գործում է 22 թատրոն: Դրանցից ընդամենը 16-ը գործում է ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայության ներքո, իսկ մյուսները կամ մարզպետարանների, կամ քաղաքապետարանների ու գյուղապետարանների ենթակայության տակ են:
ԹԱՏՐՈՆԸ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ ՉԷ ԱՅԼ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ
«Թատրոնը կատարում է ծաղրածուի դեր, որը արվեստի միջոցով ասում է ճշմարտություններ: Թատրոնը շոու չէ. այն ժողովրդի ինքնության պահպանման փիլիսոփայական կատեգորիա է, այլ ոչ թե կատարում է եկամտի գործառույթ: Այս իմաստով՝ թատրոնը պետական պաշտպանության կարիք ունի, օրինակ՝ գոնե ազատվի պետական հարկերից. դրանք ավելի շատ են, քան տոմսերի վաճառքից ստացված եկամուտը»,- ասում է Խամաճիկների պետական թատրոնի տնօրեն, ռեժիսոր Արմեն Էլբակյանը:
Թատրոնն ընդգրկված չէր Լինսի հիմնադրամի ծրագրով վերանորոգվող հաստատությունների շարքում եւ մինչ օրս սպասում էր նախարարության աջակցության իր «հերթին»: Այսօր նա շատ է կարեւորում լուսաձայնային նոր սարքավորումների տեղադրումը: Խամաճիկների թատրոնը, սակայն, ունի բազմաթիվ այլ խնդիրներ, օրինակ՝ շենքային սահմանափակ պայմաններ:
«Մեր խաղացանկը մեծացել է, բայց թատրոնի տարածքը շատ փոքր է ու անհարմարավետ՝ նույնիսկ տիկնիկները պահելու տեղ չունենք: Լրիվ բարոյալքված վիճակ է: Կորցնում ենք մյուս թատրոնների հետ մրցակցության հնարավորությունը, քանի որ հանդիսատեսը ձգտում է գնալ ավելի հարմարավետ պայմաններով թատրոններ: Իսկ մեր՝ Խամաճիկների թատրոնը կարիք ունի ավելի լայն հնարավորությունների, քանի որ սա էլիտար, աշխարհում փնտրվող ժանր է»,- ցավով փաստում Արմեն Էլբակյանը եւ թատրոնի փրկության համար առաջարկում ստեղծել աջակցության պետական ծրագիր: