ԵՐԳՉՈՒՀԻ ԱՐՓԻՆԵ ԲԵԿՋԱՆՅԱՆԻՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՎԱԽԵՑՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵթե Խորհրդային տարիներին գաղափարական ռեժիմն էր շատ երգիչ-երգչուհիների ուղղակի «դուրս» թողնում հեռուստաեթերից, ապա հիմա այս «գեղեցիկ» ավանդույթը շարունակվում է ստեղծված հեռուստամոնոպոլիաների «շնորհիվ»:
Էստրադային հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանին այսօր շատ հազվադեպ կարելի է տեսնել հեռուստաեթերում, թեեւ ընդամենը մի քանի տարի առաջ նա բավականին հաճախ էր հանդես գալիս հեռուստատեսային տարբեր ծրագրերում:
Երգչուհին իր բեմական գործունեությունը սկսել է «Արձագանք» ստուդիայում: Ինչպես Արփինե Բեկջանյանն է հավաստիացնում, ինքը, այնպես էլ ստուդիայի մյուս երգիչ-երգչուհիներն, այսօր գրեթե հանդես չեն գալիս հեռուստաեթերով ընդամենը «Արձագանք» ստուդիայի անվան պատճառով: Այսօրվա հեռուստաեթերի մոնոպոլիստների համար, չգիտես ինչու, ստուդիայի անունը դարձել է յուրահատուկ մի պիտակ, առանձին կատեգորիա:
Այնուամենայնիվ, երգչուհուն արհեստականորեն ստեղծված այդ դժվարությունները չեն հիասթափեցրել: Նա շարունակում է իր երաժշտական գործունեությունը՝ ամուսնու՝ երգիչ, երաժիշտ, գործիքավորող Արման Էլբերտի հետ հանդես գալով երեւանյան տարբեր ակումբներում, երբեմն հյուրախաղերով լինելով նաեւ արտերկրում: Սակայն, երգչուհին ցավով նշում է, որ նախկինի պես այլեւս չկա հյուրախաղերի մեծ ցանկը, որի շնորհիվ «Հայաստանում էլ չէր մնացել կորած մի գյուղ, որ չլինեին ստուդիայի երգիչներով»:
Ակումբաներում երգելու, թերեւս, միակ հնարավորությունից Արփինեն չի բարդույթավորվում, քանի որ դա նրա, ինչպես եւ շատ երգիչների համար ոչ միայն ապրելու կենսական հարցերն է հոգում, այլեւ թույլ է տալիս հանդիսատեսին ցույց տալ, որ բացի հեռուստատեսային արդեն ձանձրալի դարձած աստղերից կան նաեւ ուրիշ երգիչներ: «Ակումբային գործունեությունը միաժամանակ հաճելի ու տխուր փաստ է, քանի որ ակումբներում հիմնականում հավաքվում է ոչ այն արվեստագետ խավը, որ կա համերգասրահներում: Եվ հետո՝ ես երեք տարեկան աղջիկ ունեմ, որը ուշադրության մեծ կարիք ունի, իսկ ես ու ամուսինս հիմնականում տանը շատ քիչ ենք լինում, ու իմ փոքրիկ բալիկը մնում է մայրիկիս ու քրոջս խնամքին: Ես չեմ պատկերացնում, թե առանց նրանց ես ինչ կանեին, բայց այլ տարբերակ ուղղակի չունեմ. մեր գործունեության համար հիմա շատ բարդ ժամանակներ են, իսկ վաստակած գումարը հազիվ բավականացնում է ընտանեկան հոգսերի համար, էլ ուր մնաց երգարվեստում ներդներ կատարելու իմաստով»,- նշում է երգչուհին: Արփինեին մեծապես աջակցում է երաժիշտ ամուսինը, որի շնորհիվ կատարվում են ոչ միայն երգերի նոր գործիքավորումներ, այլեւ նրա ունեցած կապերի շնորհիվ տեսահոլովակների նկարահանումներ ու հեռուստաեթերում հանդես գալու հնարավորություն:
Շուրջ յոթը տարի տեւած ստեղծագործական ընդմիջումից հետո Արփինե Բեկջանյանը հեռուստադիտողին է ներկայանում նոր տեսահոլովակով՝ «Աշնան քամի», որը նկարահանվել է Հայաստանի տարբեր մարզերում : Երկու անգամ երգը մշակվել է ու հիմա ներակայանում է բոլորովին նոր գործիքավորմամբ: Իսկ ընդհանրապես, եթե երգչուհին նախկինում հանդես էր գալիս հիմնականում պոպ ոճի մեջ, ապա ստեղծագործական նոր փուլը որոշել է սկսել իր նախընտրած ոճերով, հիմնականում՝ ռոք եւ պարզունակ երգերի փոխարեն հանդես գալ ավելի խորիմաստ թեմաներով: «Ես միշտ սիրել եմ ռոքը, սակայն միշտ հաշվի եմ առել ժողովրդի կարծիքը, իսկ մի քանի տարի առաջ ռոքը դեռ այնքան մեծ տարածում չուներ մեզանում: Այդ հիմա է, որ ռոք լսելը դարձել է շատ մոդայիկ»,- վստահեցնում նա:
Տեսահոլովակից հատված դիտելու համար, սեղմիր կոճակը..)))