ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ ԿՓՐԿԻ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայերեն առաջին անգամ թարգմանվել է 20-րդ դարի ամենաշատ թարգմանվող գրքերից մեկը՝ Լաո Ցզիի «Դաո դե ցզին»-ի բնական հունի ուսմունքը, որը համարվում է համաշխարհային փիլիսոփայության հիմքերից մեկը եւ հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային գրականության վրա՝ Սելինջեր, Տարկովսկի եւ այլն: Միայն ռուսերեն այն թարգմանվել է մեկ տասնյակից ավելի:
Գ րականությունից բացի «Դաո դե ցզին» մեծ ազդեցություն է ունեցել նաեւ երգարվեստի, կինոարվեստի վրա: Օրինակ՝ «Ստալկեր» ֆիլմում օգտագործվել է «Դաո դե ցզին»-ի գրքից մի ամբողջ հատված, իսկ երգիչ Ջոն Լենոնը ունի մի երգ, որը ստեղծվել է գրքի տեքստերից մեկի հիման վրա:
Թեեւ «Դաո դե ցզին»-ը Լաո Ցզինը ստեղծել է Ք.ծ.ա. 5-րդ դարում, սակայն չինական, արեւելյան փիլիսոփայության մեջ ավելի տարածված է եղել կոնֆուցիականությունը:
Վերջինս համարվել է ավանդապաշտ ուսմունք, որին հինմականում ձգտել են դիկտատորներն ու տիրակալները, իսկ «Դաո դե ցզին»-ը համարվել է մարդասիրական, ազատատենչ ուսմունք, որը ոգեշնչել է փիլիսոփաներին, արվեստագետներին: Այն առնչվում է կյանքի բոլոր բնագավառներին՝ պետական կառավարմանն ու դիվանագիտությանը, ընտանեկան կյանքին ու սեռական հարաբերություններին, մարտական արվեստին ու ռազմավարությանը եւ այլն: «Դաո դե ցզին»-ն այս իմաստով հաճախ անվանում են կյանքի հանրագիտարան, ուղեցույց:
Համաշխարհային ճանաչում ունեցող գիրքն այս տարի վերջապես հայերեն թարգմանվեց եւ հրատարակվեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կողմից: Չթարգմանվելու հիմնական պատճառն, ըստ կինոռեժիսորի, այն էր, որ մենք չունենք հայ չինագետներ, որոնք կկարողանային ավելի վաղ ու հենց բնագրից կատարել թարգմանություն:
«Մենք համարվում ենք թարգմանիչ ազգ՝ երաժշտությունից գրականություն, ճարտարապետությունից փիլիսոփայություն, ունենք Թարգմանչաց տոն, սակայն շատ քիչ թարգմանություններ են մինչ այսօր արվել մեր կողմից՝ ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով: Շագրենի կաշվի պես գնալով փոքրանում ենք. պետք է փրկենք մեր մշակույթը:
Ստեղծվել է Օպերա ակումբ, սակայն չգիտես՝ երբ է վերջին անգամ օպերա բեմադրվել»,- արձանագրում է Տիգրան Խզմալյանը: Իսկ թե ինչու է հիմա սկսել զբաղվել թարգմանություններով, կինոռեժիսորը պատասխանեց, որ. «Շատ պարզ պատճառով՝ 2005թ. «Երեւան» ստուդիայի լուծարումից հետո գործազուրկ դարձա եւ հիմա շատ ժամանկ ունեմ թարգմանությունների համար»:
Տիգրան Խզմալյանը գրքի թարգմանության համար օգտվել է ռուսերեն վեց տարբեր եւ մեկ անգլերեն տարբերակներից: Թարգմանության գլխավոր հիմքը, սակայն, հանդիսացել է 1990թ. լույս տեսած Յան Հին Շուի ռուսերեն թարգմանությունը, որը կատարվել է հենց բնագրից ու համարվում է դասական: Գիրքը բաղկացած է 81 գլխից եւ հրատարակվել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ցզո Սուելյանի անմիջական աջակցությամբ:
Ուսումնասիրելով համաշխարհային տարբեր ուսմունքները՝ Ղուրանից, Բուդդիզմից մինչեւ Աստվածաշունչ՝ կինոռեժիսորը հասկացել է, որ նրանք բոլորն էլ ակնհայտորեն նման են միմյանց. «Իրականում բոլոր այն ուսմունքները, որոնք բաժանում են մարդկանց, նույն պաշտամունքն են, նույն Աստվածն է, միայն մոտեցումներն ու ուղղություններն են տարբեր»,- ասում է կինոռեժիսորն ու ավելացնում, որ «եթե բոլորը կարդային սուրբ գրքերն, ապա աշխարհում ատելությունը կվերանար», հատկապես դա վերաբերում է պետական այրերին. «Ու ոչ միայն այս գրքերը նրանք կարդային, այլեւ ընդհանրապես գիրք կարդային»,- խորհուրդ է տալիս կինոռեժիսորը: