Հայրենիքում գումար չեն աշխատում՝ կարևորը օգուտ բերելն է (տեսանյութ)
«Վաղվա համերգը շատ կարևոր իրադարձություն է ինձ համար: Մեկ տարի առաջ եմ եղել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում։ Ասեմ, որ ոչ պատրաստված մարդուն դժվար է գնալ նման տեղ, որտեղ այդքան պայծառ դեմքեր ես տեսնում, որոնք մեր օգնության կարիքն ունեն»,- ասում է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ «Միակ բանը, որ թերևս մխիթարում է, այն է, որ այս երեխաները իրոք շրջապատված են խնամքով և սիրով»։ Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Նարեկ և Գայանե Հախնազարյանների բարեգործական համերգը, որի ողջ հասույթը կփոխանցվի ԿՈՇ-ի մանկական վերականգնողական կենտրոնին։ «Ես միշտ էլ կողմ եմ մասնակցել նման ակցիաների, այն էլ հայրենիքում»,-ասում է Նարեկն ու շարունակում։ «Ի դեպ, չեմ էլ հիշում, Հայաստանում վերջին անգամ երբ եմ վարձատրվել։ Կարևորը, որ կարող ես գոնե մի օգուտ բերել»։ Նման համերգ առաջին անգամ է կազմակերպվում։ Նարեկը խոսեց նաև համերգի ծրագրից։ Կկատարեն Բեթհովեն, Շուման, Շոստակովիչ, Մասնե, նաև համաշխարհային պրեմիերա՝ Էդուարդ Հայրապետյանի «Մենախոսությունը»։ Նարեկ Հախնազարյանը կիսվեց նաև մոտակա ծրագրերով։ Մեկնելու է Նոր Զելանդիա՝ համերգային շրջագայության, հետո կվերադառնա Հայաստան և հնարավոր է հուլիսի 5-ին մենահամերգ ունենա: