Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԴԵՌ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

Մշակույթ

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում նոտային երաժշտական գրականության բաժնի նախաձեռնությամբ նշվեց Հայաստանի ականավոր ռեժիսոր, Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանի ծննդյան 70-ամյակը:

Գրադարանում կազմակերպվել էր ցուցադրություն` հոբելյարի անցած ճանապարհի վերաբերյալ, իսկ ողջ ընթացքում հնչում էր Տիգրան Լեւոնյանի կատարմամբ երաժշտություն: Միջոցառմանը ներկա գրադարանավարները մեծ երախտագիտությամբ ու սիրով էին հիշում մեծ ռեժիսորին:

Տիգրան Լեւոնյանը ծնվել է 1936թ. դեկտեմբերի 14-ին, Բեյրութում: Երկար տարիներ լինելով թատերախմբի առաջատար տենորը` մեծ հաջողությամբ երգել է համաշխարհային եւ ազգային օպերային խաղացանկի գլխավոր դերերգեր:

«Հետագայում Տիգրան Լեւոնյանը զուգակցում է երգչական եւ ռեժիսորական գործունեությունը` բեմադրելով դասական օպերաներ, ինչպես նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք երկեր:

Երգիչ եւ բեմադրիչ Լեւոնյանին ծափահարել են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, Գերմանիան եւ Եգիպտոսը, Ռուսաստանը եւ Մերձբալթիկան, Հունգարիան, Լեհաստանը եւ այլն: Նրա բազմակողմանի տաղանդը դրսեւորվել է նաեւ կինոյում»,- հիացմունքով ներկայացնում էր նոտային երաժշտական գրականության բաժնի տնօրեն Մարինա Սիմյոնովան:

Տիգրան Լեւոնյանը Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել եւ ղեկավարել է օպերային բեմարվեստի ամբիոնը: Նա ունի ժողովրդական արտիստի կոչում: