Մահաթմա Գանդիի ամսագիրն ու Գալշոյանի «Կանչը» (տեսանյութ)
Հնդկաստանում հայտնի «Հանս» գրական, հասարակական-քաղաքական ամսագրի ապրիլյան համարում տպագրվել է հայ արձակագիր Մուշեղ Գալշոյանի «Կանչը» պատմվածքը։ Այն հնդկերեն թարգմանել է Մանե Մկրտչյանը, որը Դելիի Ջավալալհար Ներույի անվան համալսարանի բանասիրության ամբիոնի ասպիրանտ է: Նա երկար տարիներ բնակվում է Հնդկաստանում, ուսումնասիրում հինդի լեզուն եւ մշակույթը:
«Գալշոյանի այս պատմվածքի ընտրության հարցում ինձ օգնել է Հայաստանում բնակվող իմ ուսուցչուհի Ժենյա Մակարյանը: Միասին ընտրել ենք նաեւ հայ մյուս գրողների գործերը, որոնք առաջիկայում եւս կտպագրվեն: Այս պատմվածքի գլխավոր հերոսների ապրումները` սիրո, բաժանման, անհոգ մանկության կորստի ու հայրենիքի կարոտը, շատ հոգեհարազատ է էմոցիոնալ հնդիկներին, ու այդ առումով էլ հասկանալի էր նրանց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մանեն:
Ըստ նրա, հենց ապրիլյան համարում պատմվածքը հրապարակելով փորձել է հնդիկ հասարակության ուշադրությունը սեւեռել ցեղասպանության փաստի վրա.
«Սա նաեւ յուրովի հորգանքի տուրք է հայ զոհերի հիշատակին»:
Ի դեպ, ամսագիրը հիմնադրվել է 1930 թվականին, իսկ առաջին խմբագիրներից մեկը եղել է Մահաթմա Գանդին:
«Կանչ»-ը արդեն դրական արձագանքներ է ստացել, արտատպվել է մի շարք էլեկտրոյանին կայքերում ու Tirchi Spelling-ի գրական կայքում։
«Մեծ նվաճում եմ համարում եւ այդ արձագանքները, եւ այն, որ պատմվածքը կարդալոց հետո գլխավոր խմբագիր Սանջեյ Սահայը այնքան հուզվեց, որ որոշեց ամսագրի մայիսյան խմբագրականը ամբողջովին նվիրել ցեղասպանության թեմային»,-պատմեց Մանեն:
Գրող, հրապարակախոս «Հանսի» խմբագիր Սանջեյ Սահայը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց. «Կանչ՝ հնդկերեն թարգմանաբար նշանակում է Սադհա` սիրո կանչ: Այն բավականին հաջողված պատմվածք է` կառուցված մարդկային զգացմունքների վրա: Նաեւ պատմում է հայերի ցեղասպանության դեպքերի մասին: Կարծում եմ մարդիկ պետք է տեղյակ լինեն այն մեծ ոճրագործությանը, որ կատարվել է հայերի հանդեպ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա Սանջեյ Սահայի խոսքով, թեեւ իր երկիրը ստորագրել է ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաներ, սակայն որեւէ ցեղասպանություն չի ընդունում որպես հանցագործություն.
«Մենք դեռեւս չունենք օրենք, որը դատապարտում է ցեղասպանությունը: Այստեղ այն կոչում են զանգվածային կոտորածներ»,- ասաց նա։:
Գայանե Հակոբյան
Նյու Դելի
