Ես ձեզ կվերադարձնեմ գողացված հաղթանակը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Գյումրիում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանրահավաքն սկսվում է ռեյտինգային թեկնածուների ելույթներով։ Հովհաննես Հովհաննիսյանը համաքաղաքացիներին կոչ է անում քվեարկել՝ համերաշխ մնալով խղճի հետ։ «Գալիս են խոստանում են՝ ճանապարհներ կսարքենք, գազեր կքաշենք։ Ընկերներ, դրանք բոլորը խաբեություն է, մեզ պետք է արդար ու նորմալ երկիր, որտեղ գազն էլ, ճանապարհն էլ ինքն իրեն կկառուցվի»։ Մեկ այլ թեկնածու սթափության կոչ է անում համքաղաքացիներին, ովքեր ավելի վաղ հրաժարվել են ՕՐՕ դաշինքին հոսանք տրամադրել։ «Մենք մեկ է հաղթելու ենք վաղ թե ուշ, մենք հաղթելու ենք, որովհետև մենք ճիշտ ենք, բարոյական ենք, երիտասարդ ենք, իսկ երիտասարդը միշտ հաղթելու է վերջում։ Վաղը իրենք գալու են մեզ շողոքորթելու, բայց մենք իրենց չենք ընդունելու»,- ասում է Վահագն Հովհաննիսյանը։ 2013-ի նախագահական ընտրություններում Գյումրիում հաղթած Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է՝ այս անգամ ընդդիմությունը չի պարտվելու։ «Ես պարտավորվում եմ, որպես ձեր շարքային համաքաղաքացի, իմ գործընկերների հետ ձեզ վերադարձնել գողացված հաղթանակը»։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային լիդեր բոլոր ոլորտներում, բայց քայլ է պետք անել. «Դրա համար այս անօրեն կուսակցապետությունը պետք է քանդվի։ Ինքը այդ նախաշեմին է և ինքը դա գիտի, որովհետև ունեզրկումից մինչև ընտրակեղծարարություն, աղքատությունից մինչև արտագաղթ ինքն է կրում այդ հանցագործ քաղաքականության պատասխանատվությունը»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը։