Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանչեսթերի եւ Բորուսիայի ֆենոմենն է Հայաստանում. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli

Այնպիսի տպավորություն է, ոնց որ ունիվերմագի հանդերձարան  լինի, ոչ թե քարոզարշավ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով նախընտրական քարոզարշավի կարգախոսներն ու տեսահոլովակները՝ նշեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ մեծ աժիոտաժ չկա, աժիոտաժ առաջացրեց միայն «Ռեինկարնացիայի» տեսահոլովակը, որը, մի կողմից, սոցիալական ցանցերում քննադատության արժանացրեց խմբին, մյուս կողմից քաղաքական շրջանակներում քննարկվեց, որ փաստացի Հանրապետականների հոլովակում, բացի Կարեն Կարապետյանից, այլ Հանրապետական նկարահանված չէ։ «Իրականում սա լուրջ մեսիջ է. Հանրապետականները փորձում են հավաստիացնել, որ այն փոփոխությունները, որ սկսել են կառավարությունում, ապա նաեւ կուսակցությունում, շարունակելու են»։ Նրա խոսքերով, եթե հանրապետականում քարոզչության ողջ բեռն իր վրա տանում է Կարեն Կարապետյանը, ապա Ծառուկյան դաշինքի բեռը տանում է Գագիկ Ծառուկյանը, քանի որ տեսահոլովակում միայն նա է։ Նույնը ՕԵԿ-ում է՝ խոսում է միայն Արթուր Բաղդասարյանը։ «Ազատ դեմոկրատները», ՀԱԿ-ը  հանդես են գալիս 4-ական դեմքերով, «Ելքը» 3 դեմքով է գնում։ «Թեեւ Նիկոլ Փաշինյանը միայն 3-րդ համարի ներքո է հանդես գալիս, սակայն գլխավոր դերակատարը հենց նա է, որպես առավել ռադիկալ, ճանաչված ու խարիզմատիկ գործիչ»։ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան  դաշինքը փորձում է ներգրավել «Ելքի» ընտրազանգվածը, որն առավել ռադիկալ է։ «Սակայն իրենց դժվար է լինելու համոզել մարդկանց, որ իրենք առավել ռադիկալ են, քան «Ելքը», քանի որ Համախմբմանը միանում են Րաֆֆի Հովհաննիսյանը, որը «կարմիր գիծը» երբեք չի հատել,  եւ Սեյրան Օհանյանը, որ  դեռ երեկ իշխանության մեջ էր,իսկ  հիմա քննադատում է իշխանությանը»։ Կ. Քոչարյանի գնահատմամբ սխալ է, որ ուժերը չեն հրապարակում, թե ով է լինելու իրենց վարչապետը։ «Երբ անցնում ենք խորհրդարանական համակարգի, ենթադրվում է, որ  վարչապետը լինելու է  առաջին դեմքը։ Մինչդեռ, առայժմ միայն 3 ուժ կա, որ հստակ հայտարարել է, թե ով է իրենց վարչապետը, դրանք ՀՀԿ-ն է, ՕԵԿ-ը եւ «Ազատ դեմոկրատերն են»։ Մեր ազգի մենթալիտետը ունի անձի խնդիր, կարեւոր է, թե ով է ղեկավարելու։ Կարեն Կարապետյանի ֆենոմենը այնտեղ էլ է աշխատում, տաքսիներում, հարեւանների հետ շփման ժամանակ մարդիկ, կարծես, սեփական հոգու հետ գործարք են անում, ասելով՝ հիմա ինչ է ՀՀԿ-ի՞ն պետք է ձայն տամ, բայց եթե Կարեն Կարպետյանինն է, կտամ։  Մանչեսթերի եւ Բորուսիայի ֆենոմենն է Հայաստանում. ոչ Մանչեստրի, ոչ Բորուսիայի երկրպագուներ չկան, սակայն հենց Հենոն գնաց այդ թիմեր, բոլորը սկսեցին այդ թիմերին երկրպագել»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանի կերպարը չի՞ օգտագործվի քարոզարշավում, սակայն հետո նրան կհեռացնեն, Կ. Քոչարյանն ասաց. «Ով ռեալ լիդեր է, նրա տակ բոլորը մտնում են։ Չկա տենց հասկացություն՝ սրա մարդ, նրա մարդ, ով ռեալ լիդեր լինի՝ էդ թիմը նրանն է լինելու»։