Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանդիպակաց մարտ ենք հայտարարելու». ՕՐՕ (տեսանյութ)

Քաղաքականություն
oro-3

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավը սկսեցին Տավուշի մարզի Չինարի գյուղից: Նպատակը իշխանափոխություն հայտարարած ուժի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իշխանության գալու դեպքում ապահովելու են սահմանամերձ համայնքների բնակիչների արժանապատիվ կյանքը: Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է սահմանամերձ գյուղերից: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ սահմանամերձ գյուղերի բնակչությունը իր վրա զգա բարեփոխումները։ Յուրաքանչյուր գյուղ առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Պետք է այնպես անենք, որ գյուղացին կառչած մնա գյուղին». Նա կարեւորեց այնպիսի թիմի առկայությունը, որն ունակ կլինի առկա սոցիալ –տնտեսական եւ անվտանգային խնդիրներին լուծում տալ: «Մենք այդ թիմը ունենք»,-ասաց նա:  Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ երբ քաղաքական թիմը երկար տարիներ գտնվում է իշխանության ղեկին, նրա մոտ լճացում է սկսվում։ Հենց դրա արդյունքում է, որ մարդիկ անհանդուրժող են դառնում թերությունների նկատմամբ: «Մենք հանդիպակաց մարտ ենք հայտարարելու յուրաքանչյուր պրոբլեմի, որ թե շրջանցելու ենք պրոբլեմները, այլ լուծելու ենք դրանք»,-ասաց նա: Վարդան Օսկանյանի պնդմամբ՝ Հայաստանի ժողովուրդը իրական հնարավորություն ունի այլ կյանքով ապրելու: «Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է, ողջ աշխարհի հայերը մեծ հնարավորությունների են տիրապետում, սակայն որպեսզի կարողանանք այդ հնարավորությունները Հայաստան բերել, երկրում որոշ բաներ փոխել է պետք, ու առաջին հերթին իշխանությունը պետք է փոխվի: Անցած 10 տարիների ընթացքում իշխանությունն այնքան է լճացել, բացասական երեւույթները այնքան են խորացել, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ Հայաստանում որեւէ բան փոխել»: Վ. Օսկանյանը չինարցիներին խորհուրդ տվեց նայել, թե ովքեր են իշխանափոխության հայտ ներկայացրել. «Այստեղ հավաքվել են այնպիսի մարդիկ, որ կարող են այս երկրին խաղաղություն եւ տնտեսական զարգացում բերել»։