Հազիվ եմ ինձ զսպում, որ որպես հայ տղամարդ լաց չլինեմ. Արբենինի դերակատար (տեսանյութ)
Մեր ազգային թատրոնի խաղացանկում այսուհետ կընդգրկվեն Արամ Խաչատրյանի երեք բալետները՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես»։
Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերան:
«Բալետը նայել է պետք, ոչ թե պատմել նրա մասին»,- ասում է ներկայացման բեմադրիչ, թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը. «Թերությունների մասին կարծիքներն ու քննադատությունը մեզ համար կարևոր են, սակայն հաշվի առեք, որ բյուջեն նման ներկայացում բեմադրելու համար շատ սուղ էր»։
Վերջերս Պետերբուրգում էի,- ասում է Վիլեն Գալստյանը,- երբ բալետի համաշխարհային դեմքեր Բորիս էյֆմանն ու Վլադիմիր Վասիլևը իմացան, որ «Դիմակահանդեսն» եմ բեմադրում, զարմացան։
1941 թվականին Արամ Խաչատրյանը գրեց երաժշտություն Վախթանգովի թատրոնում բեմադրվող Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար, իսկ 1954 թվականին՝ «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: Արամ Խաչատրյանն ասում էր, որ դժվար է արտահայտել բառերով այն զգացմունքները, որ ունեցել է այս երաժշտությունը ստեղծագործելիս:
1982 -ին Արամ Խաչատրյանի սան, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը այս երկու դրամաների համար գրված երաժշտության, նաև այլ ստեղծագործությունների հիման վրա գրեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում, Հակոբ Ոսկանյանի դիրիժորությամբ:
«Խորեոգրաֆիան, կարծում եմ, որ շատ ստացված է», - ասում է Արբենինի դերակատար Ռուբեն Մուրադյանը։ «Սա հոգեբանական դրամա է։ Սա Դոն Կիխոտ չէ, և ինքս հազիվ եմ ինձ զսպում, որ չհուզվեմ, որպես հայ տղամարդ լաց չլինեմ»։
[caption id="attachment_1524358" align="alignnone" width="700"]
Premiere of A. Khachaturian's 'Masquerade' ballet took place at the Armenian National Academic Theatre of Opera and Ballet named after Al. Spendiaryan[/caption]