«Մսխված գումարներ, ձախողված ծրագիր» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Ասիական զարգացման բանկի ու ՀՀ միջեւ ստորագրված 44 մլն եվրո արժեքով վարկային համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ը միշտ դեմ է բոլոր վարկային համաձայնագրերին՝ ՀՀ-ն չի կարողանում փակել իր պարտքերը, մինչդեռ դրանց ավելանում են նորերը. «Եղած վարկերը նպատակային չեն եւ մսխվում են: Հյուսիս-Հարավ խայտառակ գործարքը ակնհայտ երեւում է, ու մեր պետական պարտքերի 25 տոկոսը տրանսպորտային ոլորտի պարտքեր են»: Ինչ վերաբերում է ՀՀ-Իրան երկաթուղու կառուցման պատմությանը, ապա նա հիշեցրեց՝ այս ծրագրի հետ առնչվում են մի շարք օֆշորային կազմակերպություններ. «Այստեղ մսխված գումարներ են, ձախողված ծրագիր է: Ուղղակի եղել է քաղաքական պատվեր, գումարները դուրս են գրվել, ուղղակի կազմվել են այս թղթերը՝ արդեն իսկ քրեական հագուստով»: Իր եզրափակիչ ելույթում Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ կփորձի առանց զգացմունքների խոսել՝ ներկայացնելով կոնկրետ թվեր. «Հատկապես Հյուսիս-Հարավ ծրագրի մասին շատ է խոսվում, թե մսխվել են միլիարդներ, որոնք զգացմունքային խոսակցություններ են: Առ այսօր ծախսվել է 70 մլն դոլար, կառուցվել է 35 կմ ճանապարհ, միջին ցուցանիշներն ու համեմատությունները ցույց են տալիս, որ մենք ոչ մի ավելի դոլար չենք ծախսել: Իսկ կառուցված կամուրջները եղել են վարկային միջոցների խնայողության հաշվին: Ցավոք, պետք է փաստենք, որ այս ճանապարհահատվածի վրա տեղի ունեցող բոլոր վթարների դեպքում արձանագրվում են երթեւեկության կանոնների խախտումներ, որոնց արդյունքում են լինում այդ վթարները»: