«Չեմ թաքցնում՝ ուզում եմ դառնալ պատգամավոր». Անահիտ Բախշյան (տեսանյութ)
Երևանի ավագանու՝ «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չի բացառում, որ ռեյտինգային համակարգով կառաջադրվի Կենտրոն համայնքում: Նա այժմ համագործակցում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Բախշյանը նշեց, թե ինչու է ընդունել Խաչատուր Քոքոբելյանի համագործակցության հրավերը: «2012 թվականին, երբ «Ազատ Դեմոկրատները» և «Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին ներկայացան մի ցուցակով, դա նշանակում էր, որ գաղափարական հենքը, քաղաքական գիծը, սկզբունքները շատ մոտ էին այդ ժամանակ: Այդ գիծը ինձ շատ հարազատ է: Դա Հայաստանի ինքնիշխանությունը պահելն է, մեր իրավական պետության տեսլականը, ապագան, ժողովրդավարական արժեքները, եվրոպամետ պետությունների մոդելն ու, իհարկե, մարդու իրավունքները: Այս արժեքները իմ սեփականն են: Ես ընդունել եմ պարոն Քոքոբելյանի հրավերը, և չեմ թաքցնում՝ ուզում եմ դառնալ պատգամավոր»: Տիկին Բախշյանը չցանկացավ խոսել «Ժառանգությունից» դուրս գալու իր որոշման մասին՝ նշելով, թե դա մեկ օրում չի եղել: Նրա խոսքով՝ այդ կուսակցությունում անհասկանալի բախումներ են: ««Ժառանգության» վարչությունը որոշել է անպայման դաշինքով մասնակցել ընտրություններին, և բանակցությունները գնում են «Ելքի» և Սեյրան Օհանյանի հետ: Սրանք ակնհայտ հակառակ բևեռներ ունեցող դաշինքներ են: Չեմ հասկանում ՝ ինչպես են բանակցում և նրա, և մյուսի հետ»: Ասուլիսին ներկա՝ «Հայկական Վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական ղեկավար Էդգար Առաքելյանն էլ հավելեց, որ կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ԱԺ ընտրություններին կմասնակցի միայնակ, թեև չեն բացառում նաև համագործակցություններ: