Վերջին տուրում տարած հաղթանակը չօգնեց Հովհաննես Գաբուզյանին
Հայաստանի շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին չհաջողվեց մրցանակ նվաճել Իրանում ավարտված «Սաբալանի գավաթ-2017» մրցաշարում: Այսօր կայացած վերջին՝ 11-րդ տուրում, մեր շախմատիստը հաղթեց իրանցի 16-ամյա վարպետ Արյան Ղոլամիին, վաստակեց 7,5 միավոր եւ չորս շախմատիստների հետ բաժանեց 2-6-րդ տեղերը: Ավաղ, լրացուցիչ հաշվարկներով Հովհաննես Գաբուզյանը ճանաչվեց 5-րդը: Մրցաշարի հաղթող դարձավ իրանցի գրոսմայստեր Ղաեմ Մաղամին, որը միակն էր, որ կարողացավ վաստակել 8,5 միավորով: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին Իսպանիայի ներկայացուցիչ Օլեգ Կորնեեւը եւ իրանցի Պույա Իդանին: Մեր մյուս երեք պատվիրակներն այս մրցաշարում համեմատաբար համեստ արդյունքներ ցույց տվեցին: Պատանի շախմատիստ, 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը, 6,5 միավորով գրավեց 12-րդ տեղը: Վեց բալ վաստակած գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը բավարարվեց 19-րդ տեղով, իսկ Սեդրակ Մաթեւոսյանը 5,5 միավորով մրցաշարն ավարտեց 29-րդ հորիզոնականում: