Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատապարտյալներին ոչնչով չեն խրախուսում դրական վարք ունենալու համար»

Հասարակություն
datapartyal

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող  դատապարտյալ Արտյոմ Հակոբյանն ահազանգել է «Ա1+»-ի խմբագրություն։ Ըստ նրա՝ Անկախ հանձնաժողովն ընդունել է անհիմն որոշում իրեն ազատ արձակելու վերաբերյալ. «Իմ պատժի կրման ժամկետի ավարտին մնացել է 20 օր, բայց քանի որ փետրվարի 2-ին մայրիկիս մահվան տարելիցն է, ես խնդրեցի, որ ինձ մի քանի օր շուտ ազատ արձակեն և գոնե այդ օրը կարողանամ տանը լինել»: Երկկողմանի ծնողազուրկ Արտյոմ Հակոբյանը դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 -րդ հոդվածի 1-ին մասով՝ կողոպուտ իրականացնելու մեղադրանքով: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեր թղթակցին փոխանցել է, որ քրեակատարողական հիմնարկը դատապարտյալի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, իսկ թե ինչով է պայմանավորված Անկախ հանձնաժողովի որոշումը՝ իրավասու չէ պատասխանել: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զալյանը նշում է, որ Անկախ հանձնաժողովի ընդունած որոշումների վրա ազդել հնարավոր չէ. «Անկախ հանձնաժողովի մերժման որոշումները չեն հիմնավորվում և բողոքարկման ենթակա չեն: Մենք այստեղ ունենք լուրջ բաց, քանի որ դատապարտյալներին ոչնչով չեն խրախուսում դրական վարք ունենալու համար: Եվ դա է պատճառը, որ քրեակատարողականներում շատ են ինքնավնասումները, բողոքներն ու տարաձայնությունները»: Զալյանի խոսքով, Անկախ հանձնաժողովը միշտ նշում է, որ այդ հարցն իրենք փորձում են լուծել, սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ չկա: