Մեգին` հանուն երեխաների. «Ավրորա»-ի երկարաժամկետ ազդեցությունը
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության Տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն2016թ. ստացավ բացառիկ հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն գործի մղած եւ ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Բարանկիցեն ընտրեց իր գործընկերներին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ), «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամներին: «Ես ընտրել եմ այս երեք կազմակերպությունները, որովհետեւ գիտեմ, որ նրանք հավատում են աշխարհը փոխելու երազանքներին»,- ասում է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Այս կազմակերպությունները դրամական պարգեւի շնորհիվ արդեն հասցրել են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված մանկական աղքատության վերացմանը, փախստական երեխաների եւ որբերի աջակցությանը Ռուանդայում, Եթովպիայում, Բրազիլիայում եւ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում: Այս ֆիլմը պատմում է «Ավրորա» մրցանակի երկարաժամկետ ազդեցության մասին. https://auroraprize.com/hy/aurora/article/multimedia/10636/maggy-for-children-continuous-impact-of-aurora «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին «Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ(Երեւան Հայաստան): «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրություն առաջ մղելու վրա։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։