Թույլ ձյուն՝ Ամանորի գիշերը (տեսանյութ)
«Այս տարի ունեցել ենք բավականին շատ վայրիվերումներով եղանակ. և տեղումների քանակը, և օդի ջերմաստիճանը հազվադեպ են եղել նորմայի սահմաններում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով անցնող տարին, ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «2016-ին ունեցել ենք անոմալ տաք ձմեռ, հատկապես փետրվարը, երբ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ մինչ +20, և մարտի սկզբին արձանագրվեց պտղատուների վաղաժամ ծաղկում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տարի ինտենսիվ են եղել կարկուտները. «Վստահ եմ՝ որևէ մեկը չի մոռացել հուլիսի 10-ի կարկուտը, երբ Արարատյան դաշտում ընկույզի մեծության կարկուտ տեղաց»։ Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակին, ապա կանխատեսումների համաձայն, տեղումներ չեն սպասվում։ «Դեկտեմբերի 29-ին, 30-ին և 31-ին առանց տեղումների եղանակը Հանրապետությունում պահպանվելու է։ Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի նախալեռնային գոտիներում կպահպանվի նաև մառախուղը, որն էլ իր հերթին ճանապարհներին մերկասառույց կառաջացնի»,-ասաց նա։ Սուրենյանը նշեց նաև, որ Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը շատ թույլ ձյան տեղումներ են սպասվում. «Հատկապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Երևանում։ Բայց ձյունը լինելու է շատ թույլ և քիչ։ Օրինակ՝ Երևանում սպասվում է 1-2 սմ ձյան շերտ»,-ասաց Գագիկ Սուրենյանը՝ ընդգծելով, որ տեղումները կդադարեն հունվարի 3-ին։ Ըստ կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը հունվարի 3-ից 4-ը կբարձրանա մինչև 4 աստիճանով։