A
A
Սեյրան Օհանյանը հանդես կգա հայտարարությամբ. Վիկտոր Դալլաքյան
Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհանիսյան հնարավոր դաշիքնի մասին խոսելով՝ քիչ առաջ Վիկտոր Դալլաքյանը հետևյալ հայտարարությունն արեց․ «Ես որոշակի հանդիպումներ ունեցել եմ տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ։ Իմ հրաժարականից հետո բազմիցս հանդիպել եմ Սեյրան Օհանյանին։ ՀՀ-ում առաջացած իրավիճակը գնահատում ենք նույն ձև։ Սեյրան Օհանյանը առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, և մենք իրար հետ համագործակցելու ենք։ Սեյրան Օհանյանն այն գործիչն է, որին ես բարձր եմ գնահատում։ Ես տեղյակ եմ նրա ծրագրերին, նրա ծրագրերը քննարկում ենք միասին պարբերաբար և առաջիկայում նա հանդես կգա»։
Արդյո՞ք Սեյրան Օհանյանը կմասնակցի առաջիկա համագումարին։ Դալլաքյանը հստակ չպատասխանեց հարցին, սակայն որոշակի ակնարկ արեց․ «Եթե մեզ հաջողվի մեծ կոնսոլիդացիայի հասնել, հայտնի քաղաքական և ռազմական գործիչներ կարող են հանդես գալ մեր նախընտրական ցուցակով՝ գլխավորելով ցուցակը, մնալով անկուսակցական»։ Դալլաքյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը փորձել է կանխել Վիկտոր Դալլաքյանի նախորդ ասուլիսը։ Նրա խոսքով՝ դա փորձել է անել Արմեն Գևորգյանի միջոցով, վերջինս նրան սմս է ուղարկել՝ խնդրելով խոսել, Դալլաքյանը, սակայն, չի արձագանքել։ Նրա համար տարօրինակ են հայտարարությունները, թե Սեյրան Օհանյանը կգլխավորի Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը․ «Մենք նոր կուսակցություն չենք բացում, այս կուսակցությունը կա դեռ 2003 թվականից»։ Արդյոք հնարավոր համարո՞ւմ է համագործակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ․ «Եթե քաղաքական ուժերը համարում են, որ 2017-ին պետք է անել խաղաղ իշխանափոխություն, մենք կհամագործակցենք նրանց հետ։ Լինելով լայն կոնսոլիդացիայի կողմնակից՝ հանդիպումներ ենք ունեցել տարբեր կուսակցությունների առաջնորդների հետ և առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»։