«Սառցե սիրտը» կտաքացնի հունվարին
Բոլորի կողմից սիրված «Սառցե սիրտը» հեքիաթի հիման վրա ստեղծված սառցե շոուն կներկայացվի Երեւանում։ Դերերում ներգրավված են Ռուսաստանի գեղասահքի հավաքականի գործող սպորտսմեններ և լավագույն սառցե շոուների մենակատարներ: Գլխավոր դերերում բազմաթիվ սպորտային տիտղոսակիրներ Ալեքսեյ Ռոգոնովն ու Քրիստինա Աստախովան են: Գեղասահքի սիրահարները նրանց հիշում են 2016 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունից, որտեղ նրանք փայլեցին իրենց արտասովոր արտիստիկ ծրագրերով և գերազանց կատարմամբ: Ներկայացման պարուսույց-բեմադրիչ Նիկիտա Միայլովը համաշխարհային սառցե շոուների մենակատար է, պահանջված մարզիչ, սպորտային ծրագրերի և բազմաթիվ սառցե շոուների պարուսույց-բեմադրիչ։ Շոուին մասնակցելու են 30 գեղասահորդներ, ավելի քան 40 ստատիստներ, իսկ ներկայացումը սպասարկելու է բարդագույն տեխնիկան: Սարքավորումների շարքում են արհեստական ձյուն ստեղծող սարքերը, որոնք բեմի վրա ամենաիրական ձյունամրրիկի տպավորություն կստեղծեն: «Սառցե սիրտը» սառցե շոուի պրեմիերան տեղի է ունեցել Ձմեռային սպորտաձևերի տոներին և արժանացել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի պատվոգրին: Երեւանում կներկայացվի հունվարի 7-8-ին։