Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում չի գործում ցմահների վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
robert

«Արդեն 20 ցմահ դատապարտյալ հատել է 20 տարվա շեմը, բայց որեւէ դեպք չկա, որ որեւէ մեկը վաղաժամ ազատ արձակվի:  Դա արդեն քաղաքականություն է, այլ ոչ թե օրինաչափություն, այլապես գոնե մեկ-երկու հոգի այսքան ժամանակ ազատ արձակված կլիներ։  Հայաստանում չի գործում ցմահների վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտ»,- այսօր հայտարարեց փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը։ Փաստաբանը հիշեցնում է, որ հանցագործին դատապարտելու իմաստն այն է, որ նա ուղղվի եւ այլեւս չկրկնի հանցանքը, այլ ոչ թե նրան մեկուսացնելը հասարակությունից. «Ոչ թե պետք է խնդիրը լինի մարդկանց այնտեղ փտեցնելը, այլ այնպես անելը, որ այդ հանցագործությունը նա այլեւս չկրկնի»: Հայաստանում ցմահ ազատազրկվածների թիվը մոտ 100 է:  Նրանցից ոչ ոք վերջին տասնամյակում վաղաժամկետ ազատ չի արձակվել: Ռոբերտ Ռևազյանը Սողոմոն Քոչարյանի դեպքը չի համարում վաղաժամ ազատ արձակման դեպք. «Նրան ազատ արձակեցին հիվանդության պատճառով եւ մեկ շաբաթ անց, անկողնուն գամված, նա մահացավ: Այնպես որ, նա ազատության մեջ կարելի է ասել չի եղել»: Ռոբերտ Ռեւազյանը վստահ է, որ գողության պարագայում կրկնահանցագործությունն ավելի մեծ է, քան սպանության դեպքում: Այդ իսկ պատճառով ցմահներին ազատ արձակելը նա անարդյունավետ քայլ չի համարում. «Մենք չենք ասում բոլորին ազատեք, ուղղակի պետք է այդ ֆիլտրի համակարգը գործի, որը չկա»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք ՔԿՀ-ներում աշխատում են դատապարտյալների հետ, որպեսզի կրկնահանցագործությունը բացառվի, փաստաբանը պատասխանեց. «Մեծ թերացում կա, բայց միայն ՔԿՀ-ի խնդիրը չէ դա, ամեն ինչ իր վրա գցելը ճիշտ չէ: Պետական մոտեցման ու քաղաքականության հարց է , այն մոտեցումը, որ կա ՔԿՀ-ների նկատմամբ, բավարար չէ»: