Էդմոն Մարուքյանի հետ համագործակցություն չի եղել (տեսանյութ)
ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ առաջին անգամն է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ իր որեւէ առաջարկ չի ընդունվել. «Երեւի թե գեղեցիկ չի եղել, որ ասեիք՝ չի ընդունվել, գրել եք՝ կքննարկենք: Ուզում եմ իմանալ՝ պաշտպանական ծախսերի մասով ավելացում եղե՞լ է: Այս անգամ բյուջեի նախագիծը կազմելիս համագործակցություն չի եղել գոնե իմ մասով. եթե առաջ կառավարությունից կապվում, ասում էին՝ կարո՞ղ է նախահաշիվ ունենաք: Այս անգամ զրո համագործակցություն: Միգուցե ի սկզբանե նպատակ չի եղել ընդունել առաջարկներս, դրա համար չի եղել համագործակցություն»: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ որքան իրենց ժամանակը հերիքել է, փորձել են կապվել պատգամավորների հետ. «Առանց կասկածի տակ դնելու պաշտպանական ոլորտի կարեւորությունը, մանավանդ կիսապատերազմող երկիր ենք, իհարկե, մշտապես տեղ կա ավելացնելու այդ ծախսերը: Ձեր առաջարկը 23 մլրդ ավելացումն էր: Եթե դա անեինք, ապա անհարկի բեռ կարող էր այն լինել տնտեսվարողների վրա, իսկ դա իր հերթին նշանակում է խփել տնտեսական պոտենցիալին, իսկ մեր գերնպատակը տնտեսական աճն է: Այնպես որ, պաշտպանական ծախսերը նույնն են մնացել»: