«Մենք արժանի ենք այս երկրին, որովհետև բավարար ջանք չենք թափել». հեքիաթասաց
Երեխաների համար նախատեսված «Փափլիկստան» հեքիաթը հայրենասիրություն սերմանելու և հայրենիքի համար պայքարելու գաղափարը քարոզելու նպատակ ունի։ «Գրքի միջոցով երեխաներին փոխանցվող ուղերձն այն է, որ մեր երկրի համար մենք ինքներս պետք է պայքարենք, մինչև չպայքարենք, լավ երկիր չենք ունենա, ոչ ոք մեզ չի խոստացել հեշտ կյանք, ինչ-որ լինում է՝ մեր ձեռքի գործն է և ինչ վիճակ, որ լինում է, դրան արժանի ենք, այսօր մենք արժանի ենք այս երկրին, որովհետև բավարար ջանք չենք թափել, որ այս աղբը, որն այսօր կա, մաքրվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց հեքիաթի հեղինակ Նունե Թորոսյանը։ Նունե Թորոսյանի «Փափլիկստան» գիրքն այսօր ներկայացվում էր Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանում՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 6-րդ փուլի շրջանակներում։ Նախագծի 6-րդ փուլում հայտնի մարդիկ երեխաներին կներկայացնեն 5 հայ հեղինակների՝ երեխաների համար նախատեսված ստեղծագործություններ։ «Որոշեցինք մանկական գրականություն խորհուրդ տալ, որովհետև Գերմանիայում գրքի գովազդի փորձից և օրինակից ելնելով, հասկացել ենք, որ ընթերցանության խթանումը պետք է սկսվի ավելի վաղ տարիքից՝ թեկուզ թոթովախոս երեխաների համար հեքիաթներ կարդալով»,- ասաց նախագծի հեղինակ Մանուկ Նիգոյանը։ «Փափլիկստան» հեքիաթը երեխաներին ներկայացնելու համար գրադարան էր եկել մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ով միջոցառումից հետո երեխաների համար նկարեց հեքիաթի հայտնի հերոսների, որոնց նրանք գունազարդեցին։ «Երեխաների հետ շփումը շատ կարևոր է։ Երևի, դա ամենաանկեղծ շփումը կարող է լինել, որովհետև չկա այն, ինչը բնորոշ է մեծահասակներին։ Դա շատ ավելի հետաքրքրացնում է շփումը»,- մեզ հետ զրույցում նշեց մուլտիպլիկատորը։ Միջոցառմանը ներկա երեխաները հնարավորություն ունեցան դիտելու նաև հեքիաթի բեմադրությունը, որի շնորհիվ ծանոթացան «Փափլիկստանի» հերոսներին։ Բեմադրության մեջ աղվեսի դերը կատարող Լևոնին ամենից շատ դուր էր եկել հենց իր կերպարը։ «Ամենից շատ դուր եկավ աղվեսի կերպարը։ Հեքիաթ չէի կարդացել, բայց գիրքը շատ հետաքրքրեց, որովհետև վերջին մասերում հետաքրքիր խաղեր կային, կուզեի կարդալ»,- նշեց Լևոնը։ Գրքի հեղինակ Նունե Թորոսյանի խոսքով՝ միջոցառումը կարելի է համարել հաջողված, եթե հեքիաթին ծանոթանալով երեխաները կուզենան իրենց երկրի օգտին մի բարի գործ կատարել։