ՄԻՊ-ը խոստացել է «վերևներում» բարձրացնել կոնդեցիների խնդիրները (տեսանյութ)
Կոնդ թաղամասի նախկին բնակիչները, որոնք իրենց տներից ստիպված են եղել դուրս գալ տասը տարի առաջ, առ այսօր տանիք չունեն: Նրանք այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել՝ իրենց պահանջը ներկայացնելու. «Մեկ մետր քառակուսու դիմաց մեզ առաջարկում են 450 դոլար։ Այդ գնի մեջ չեք կարողանում ոչ մի բան գնել։ Անձամբ ես ունեի երկու սենյականոց բնակարան, որի գումարը կազմում է 20 հազար դոլար։ 16-րդ թաղամասում երկու սենյականոց բնակարանն արժի 30 հազար դոլար, ես ի՞նչ անեմ»,-ասաց բնակիչներից Անահիտ Ղազարյանը։ Մհեր Կարախանյանն էլ հավելեց, որ իրենց տների տարածքում կառուցված շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրն արժե 2000-2500 դոլար. «Էդ ո՞նց եղավ, որ բնակչին, որին հանել են տներից, տալիս են 450 դոլար ու ասում՝ բարի ճանապարհ»,-մեզ հետ զրույցում դժգոհեց բնակիչը՝ հավելելով, որ իրենք այսօր պահանջում են բարձրացնել իրենց վճարվելիք գումարի չափը։ Կոնդի նախկին բնակիչներին առայժմ միայն մարդու իրավունքների պաշտպանն է ընդունել, ով խոստացել է «վերևներում» բարձրացնել այդ հարցը, իսկ Ազգային ժողովում իրենց խնդրին անդրադարձել է Զարուհի Փոստանջյանը։ Կոնդեցիները նշում են, որ տասը տարի իրենց սպասեցրել են, որ վերջում կոպեկներ առաջարկեն։ Այս ամբողջ ընթացքում իրենք բնակվում են վարձով, բայց դա էլ խնդրի լուծում չէ, քանի որ շատ հաճախ ստիպված են տնից տուն տեղափոխվել։ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները նույնպես այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել՝ պահանջելով գործարանի վերագործարկումը։ Մեզ հետ զրույցում Արա Գեղեցիկ Կարեյանն ասաց, որ կառավարության կողմից առ այսօր որևէ հստակ պատասխան չի տրվել, թեեւ հայտարարվել է, որ մինչև հունվարի 20-ը ներդրումային ծրագրեր պետք է ներկայացվեն։ «Եվրոպական հոլդինգը պատրաստ է ներդրումներ անել, հայտ ներկայացնել, բայց հիմա ինչ-որ ռուսական ընկերության անուն է շրջանառվում, բայց նրանք էլ պահանջում են, որպեսզի պետությունը ևս ներդրումներ անի»։