«Սասնա ծռեր»-ից բացի, 50 հոգուց ավել անձ է կալանավորվել. փաստաբան (տեսանյութ)
Որեւէ փաստաբան չի կարող բավարարված լինել հուլիսյան իրադարձություններին կալանավորված քաղաքացիների քրեական գործերի նախաքննությամբ: «Բազմաթիվ անձինք ուղղակի ենթարկվում էին հետապնդման: Նրանց նկատմամբ նախաքննությունը շարունակվեց, հետո կալանավորվեցին: Շատ մարդիկ կալանավորվեցին, որովհետեւ կամ իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն էին հայտնում, օրենքով արգելված գործողությունների չէին մասնակցում, կամ հանգամանքների բերումով գտնվել են իրադարձությունների կիզակետում»,- «Մեդիա Կենտրոն»-ում «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված քաղաքացիների քրեական գործերը. նախաքննության փուլի գնահատում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նրա խոսքերով՝ մարդկանց իրավունքները համատարած խախտվում էին, բերման ենթարկվածներին փաստաբանները ժամեր շարունակ չէին կարողանում տեսակցել: «Տեւական ժամանակ՝ 4-ի ժամից 12 ժամ ներս չէին թողնում: Պետությունը խախտում էր ոչ միայն բերման ենթարկելով, այյլ նաեւ այդ մասով»,- ավելացրեց պաշտպանը: Փաստաբանի համար անընդունելի է այն փաստը, որ մարդկանց մեղադրում են 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Սակայն նրանք նաեւ տուժող են, իսկ գործով նախաքննությունը ընթացել է միայն մեկ ուղղությամբ ՝ ում նկատմամբ կան հարուցված գործեր, դա ավարտվել է: Մեղադրյալի մասով ավելի արագ է ընթացել, քան տուժողի: Արայիկ Պապիկյանին այսօր ավելի շատ անհանգստացնում է այն փաստը, որ չի վերացվում ամբաստանյալների վրա դրված տեսակցությունների եւ հեռախոսազանգերի արգելքը: «Եթե նախաքննության փուլում պատճառաբանում են, որ տեսակցությունը կամ հեռախոսային զրույցը կարող է խոչընդոտել նախաքննությանը: Նախաքննությունից հետո դա շարունակում են պահպանել՝ ոչ միայն վարույթն իրականացնող մարմինը, այլ նաեւ դատարանը: Տպավորություն է, որ կա քաղաքական հրահանգ, որ այդ անձանց նկատմամբ խիստ հետապնդում պետք է լինի»,- ավելացրեց պաշտպանը: Նա միաժամանակ այս պահին հույսեր չունի, որ անձանց նկատմամբ հետապնդումները կդադարեցվեն՝ թեեւ գործողությունները հանցակազմ չեն պարունակել: Նրա խոսքերով՝ բացի «Սասնա ծռեր» խմբի անդամներից, 50 հոգուց ավել անձ է ձերբակալվել, իսկ այնուհետեւ կալանավորվել: