Մարեկ Համշիկը ցանկանում է գերազանցել Դիեգո Մարադոնային
Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը խոստովանել է, որ ցանկանում է դառնալ թիմի լավագույն ռմբարկուն եւ գերազանցել արգենտինացի աշխարհահռչակ հարձակվող Դիեգո Մարադոնայի ռեկորդը: «Հույս ունեմ, արդեն այս մրցաշրջանում կգերազանցեմ այդ ռեկորդը: Ես վաղուց նման մտադրություն ունեմ», - իտալական լրատվամիջոցներով հայտարարել է սլովակցի ֆուտբոլիստը, որը «Նապոլիի» կազմում դարձել է 103 գոլի հեղինակ եւ առայժմ 12-ով ետ է մնում անվանի արգենտինացուց: Մարեկ Համշիկը միաժամանակ նշել է, որ երազում է հանդիպել Դիեգո Մարադոնայի հետ, որը «Նապոլիի» պատմության փառահեղ էջերի հեղինակներից է: Մասնավորապես, արգենտինական աստղի օրոք նեապոլյան ակումբը երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, ինչը չի հաջողվում անել թիմի ֆուտբոլիստներին վերջին 27 տարիներին: «Ես հեռախոսով մեկ անգամ խոսել եմ Մարադոնայի հետ: Շատ ջերմ զրույց ստացվեց, նա շատ կոմպլիմենտներ արեց իմ հասցեին: Բայց եթե ես կարողանայի անձամբ սեղմել նրա ձեռքը, ապա, համոզված եմ, դա էլ ավելի ջերմ կստացվեր», - ասել է 29-ամյա ֆուտբոլիստը: