Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականը կանխատեսում է՝ Վիգեն Սարգսյանն անակնկալ կմատուցի

Քաղաքականություն
hakob-hakobyan

Հանրապետական Հակոբ Հակոբյանը կանխատեսում է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ ամբիոնից անակնկալ կմատուցի 1000 դրամի դեմ բողոքողներին. «Կարծում եմ, որ հիմա ինքը կասի՝ ով չի ուզում, չի տալու»: Պարոն Հակոբյանը համաձայն է, որ աշխատավորից 1000 դրամ վերցնելը հարկային պարտավորություն չէ: Բայց ո՞վ է տեսել, որ քաղաքացու հանգանակությունը լինի ամենամսյա. «Քանի որ զոհերը մեր մոտ, որը շատ վատ է իհարկե, հաճախակի է լինում, չի կարող միանգամյա հանգանակություն լինել»: ԲՀԿ խմբակցության անդամ  Ստեփան Մարգարյանն առաջարկում է 1000 դրամը աշխատավորից գանձել հարկի տեսքով: Ինքը պաշտպանության նախարարի այս գաղափարը համարում է ուշացած. «Չի հերիքում գումարը բյուջեից՝ ավելացնու՞մ ենք հարկերը, եկեք հենց այդպես էլ անենք՝ ավելացնենք հարկերը»: Ստեփան Մարգարյանին դուր չի գալիս հատուկ այս գումարը հավաքելու նպատակով ստեղծվելիք հիմնադրամը՝ պետությունն արդեն իսկ ունի ինստիտուտներ, որոնց միջոցով քաղաքացիներից գումար է հավաքում. «Պետական մեխանիզմի նկատմամբ անվստահություն է էստեղ առաջանում»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցին ուղիղ է նայում՝ տարեկան 2,7 միլիարդ դոլար է թալանվում Հայաստանում, նախ թող այդ գումարները վերադարձնեն պետբյուջե. «Գլոբո ֆայնենշըլ» կազմակերպության զեկույցի համաձայն 2004 թվականից ի վեր փողերի լվացման միջոցով ապօրինաբար Հայաստանից դուրս է բերվում միջին հաշվով 1 միլիարդ դոլարի կապիտալ»: Այսքան գումար վերադարձնելու դեպքում կարելի է ոչ միայն սահմանին ծառայող զինվորի ապահովագրության հարցը լուծել, այլեւ բարձրացնել կենսաթոշակները. «Թողում են բյուջեն մսխվի, թողնում են անարդյունավետ ծախսեր: Օրինակ ինչու՞ համար եք պահում 20 հազարանոց ոստիկանություն»: Ոստիկաններն, ըստ Լեւոն Զուրաբյանի, պետք են ռեժիմը պահպանելու համար: Նրան հայտնի չէ, որ աշխարհի որեւէ երկրում առանց հարկային պարտավորության միայն պաշտպանության նախարարի մտահղացմամբ քաղաքացուց գումար վերցնեն պետական մակարդակով. «Ցանկացած նախարար կարող է գլուխը պատով տալ: Բայց գոյություն ունի կառավարություն: Կառավարությունը սրան հավանություն է տվել: Դրա համար պատասխանատու է ամբողջ կառավարությունըԿարեն Կարապետյանի գլխավորությամբ»: Աշխատավորին քերթում են: Լեւոն Զուրաբյանն այլ խոսք չունի տեղի ունեցածը բնորոշելու համար: