Սարիթաղցիների անմեղությունն ապացուցող տեսանյութ կա. ակցիա (տեսանյութ)
7- ամյա Անուշիկն այսօր հատուկ նպատակով է եկել Նախագահական նստավայրի դիմաց. «Եկել եմ, խնդրեմ, որ իմ պապային բաց թողնեն»:
Նրա հայրը Էդուարդ Զեյթունյանն է, որը մեղադրվում է հուլիսի 17-ին Սարի թաղի դեպքերի ժամանակ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Այսօր նրանց նաեւ հայտնի տեսանյութն էին վերծանել եւ նկարներով պաստառներ պատրաստել. «Ոստիկանները ցանկացել են ատրճանակները գործի դնել: Մենք տեսանյութեր ունենք վերականգնած, թե ինչից է սկսել: Նրանք պահանջել են ճանապարհը բացել, տեսանյութում պարզ բացատրում են մարդիկ: Եթե մեր անվտանգության մասին էին մտածում, ամսի 29-ին, երբ տրաքացրեցին Սարի թաղի բնակարանը դրա դիմաց գազ էր եւ առանց անջատելու նռնակները գցեցին»,- ավելացրեց Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Վերնեցյանը:
Բացի Էդուարդ Զեյթունցյանից՝ գործով անցնում են եւս 3 ամբաստանյալներ՝ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը եւ Անդրանիկ Քյոսեյանը:
«Պահանջում եմ, որ Սարի թաղի դեպքերով կալանավորված բոլոր անձանց ազատ արձակեն»,- ասում է Հարություն Թորոսյանի եղբոր որդին՝ Դավիթ Թորոսյանը
Սարիթաղցիները հույս ունեն, որ նկարների ցուցադրումից հետո գործում որոշակի փոփոխություն կլինի: «Այստեղ երեւում է, որ մեր տղաներն անմեղ են: Վեճը եղել է նրանից, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցան ոստիկանները»,- ավելացնում է Թորոս Թորոսյանը:
Այս գործով դատական նիստը նշանակված է նոյեմբերի 8-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մինչ այդ ակցիայի մասնակիցները ցանկանում են շեշտել՝ երեխաները ամեն օր սպասում են իրենց հայրիկների վերադարձին: