«Շիրակը» կձգտի ռեւանշի հասնել «Բանանցի» նկատմամբ
Այսօր «Բանանց» - «Շիրակ» խաղով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 12-րդ տուրը: Հանրապետության գավաթակիրը բավական անհաջող է հանդես գալիս վերջին ժամանակաշրջանում: Նախորդ չորս տուրերում «Բանանցը» ոչ միայն հաղթանակ չի տոնել, այլեւ չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Ի դեպ, թիմն առաջնությունում իր վերջին հաջողությունը գրանցել է հենց «Շիրակի» հետ խաղում, երբ Գյումրիում անսպասելի պարտության է մատնել մրցաշարի ընդգծված առաջատարին՝ 1:0: Այն ժամանակ թիմի գլխավոր մարզիչը իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն էր, իսկ վերջին երեք խաղերում նրան փոխարինել է Արթուր Ոսկանյանը: «Շիրակը» նույնպես անկայուն խաղ է ցույց տալիս վերջին շրջանում: Նախորդ տուրում շիրակցիները սեփական դաշտում 0:1 հաշվով պարտություն են կրել «Փյունիկ»-ից: Մինչ այդ նրանք երկու միավոր էին կորցրել նաեւ «Ալաշկերտի» հետ խաղում: Այսօր առաջնության առաջատարը միանշանակ կձգտի ռեւանշի հասնել «Բանանցի» նկատմամբ, որպեսզի էլ ավելի ամրապնդվի առաջին հորիզոնականում: Դաշտի տերերին նույնպես հաղթանակ է հարկավոր, քանի որ յուրաքանչյուր սայթաքումից հետո նվազում են մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունները: Տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան վաղը: Երրորդ տեղում ընթացող «Փյունիկն» իր հարկի տակ կընդունի 2-րդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտին»: Առաջնության ընդգծված ետնապահ «Արարատը» Կապանում ուժերը կչափի տեղի «Գանձասար-Կապանի» հետ: