Երթ դեպի Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ֆեյսբուքում անդրադարձել է նրա հնարավոր վերադարձի մասին լուրերին։
Տևական ժամանակահատված է, ինչ տարբեր շրջանակների կողմից հետևողականորեն ու շարունակաբար շրջանառության մեջ է դրվում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին թեման:
Ես իհարկե հասկանում եմ որոշ շրջանակների «Հռոմի պապից առավել կաթոլիկ ձևանալու» նմանօրինակ բոլոր դրսևորումները, սակայն խորհուրդ եմ տալիս արհեստական սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, փողոցներում մարդկանց հարցուփորձ անելու գործելաոճը դադարեցնել: Առանց այդ ամենի էլ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է և իր դիրքի և մարդկանց շրջանում վայելած հեղինակության մասին:
Եվ եթե մենք չենք բարձրաձայնում, թե նմանատիպ բովանդակությամբ քանի հազար նամակ, հեռախոսազանգ կամ հանդիպման խնդրանք է ստանում պարոն Ծառուկյանը, ապա դա նշանակում է, որ այս պահին բացարձակապես չկա դրա անհրաժեշտությունը: Բազմիցս նշել եմ, սակայն ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել. Գագիկ Ծառուկյանը այս թեմային կանդրադառնա միմիայն այն ժամանակ, երբ ինքը անհրաժեշտ և նպատակահարմար կգտնի: Իսկ մինչև այդ արհեստականորեն ուղղորդվող նմանատիպ բոլոր նախաձեռնությունների հեղինակներին հորդորում եմ զուր չվատնել իրենց ժամանակն ու ջանքերը, քանզի անկախ ձեր ցանկացած տեսակի շահագրգռվածությունից, սա ձեր որոշելիքը չէ:
Ի դեպ, այսօր մի շարք քաղաքացիներ երթով շարժվել են դեպի Գագիկ Ծառուկյանի դղյակ՝ պահանջելու նրա վերադարձը քաղաքականություն՝ «Երիտասարդությունն ունի Ծառուկյանի կարիքը», «Վերադարձեք, պարոն Ծառուկյան», «Մենք պահանջում ենք Ձեր վերադարձը» մակագրությամբ պաստառներով։