Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

160-ից ավելի օրենքների դրույթներ ճանաչել ենք հակասահմանադրական. Գագիկ Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Gagik-Harutyunyan-nkar

«Բավականին տագնապալի է իրավիճակը շատ երկրներում սահմանադրական ճգնաժամի և սահմանադրականության առումով»,- ասում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որն օրերս է վերադարձել Վենետիկի հանձնաժողովի նիստից։ Նրա տպավորությունները դրական չեն։ «Այսքան տարի մասնակցում եմ, երբեք նման ֆոն չէր եղել, երբ քննարկվում էր վիճակը Լեհաստանում, Հունգարիայում։ Շատ խնդրահարույց հարցեր կան»,- ասում է պարոն Հարությունյանը։ Նա իրավիճակը շտկելու համար հայեցակարգ է ներկայացրել հանձնաժողովին, և որոշվել է աշխատանքներ տանել։ Դրանց առաջին քայլերն այսօր տրվեց Հայաստանում՝ միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովի ժամանակ։ Գագիկ Հարությունյանը նշում է՝ սահմանադրականության ճգնաժամը առաջին հերթին պայմանավորված է հասարակական հարաբերությունների սահմանադրականացման ցածր մակարդակով։ Կան այլ պատճառներ ևս. «Պատճառները խիստ տարբեր են։ Դա պայմանավորվում է քաղաքական միջամտություններով, իրավական պետության հիմնական սկզբունքների ոչ լիարժեք իրացմամբ, Սահմանադրության ինքնաբավության բացակայությամբ»։ Սահմանադրական ճգնաժամը չի շրջանցում նաև Հայաստանը։ Գագիկ Հարությունյանը մեկնաբանում է. «Այսօր դեռևս շեղումը Սահմանադրության և իրական կյանքի բավականին մեծ են։ Ամբողջ խնդիրը այն է՝ ինչպես թույլ չտանք, որ այդ մետաստազները ինքնուրույն զարգանան»։ Սահմանադրական դատարանի նախագահը տեսնում է բանալիներ՝ այդ խզումը փոքրացնելու համար. «Առաջին հերթին դա պետք է անել սահմանադրական, ապա իրացման մակարդակում։ Մենք 100-ից ավելի նոր օրենքներ պետք է կարողանանք կյանքի կոչել, որ Սահմանադրությունը աշխատի։ Սահմանադրությունը լիարժեք պետք է սկսի գործել 2019 թվականից»։ Շատ ժամանակ տեսնում ենք, որ Ազգային ժողովը հակասահմանադրական օրենքներ է ընդունում։ Իրավական վեճերի ժամանակ դրանք հայտնաբերում են իրավաբանները, շարքային քաղաքացիները և Սահմանադրական դատարանը այդ օրենքները ճանաչում է հակասահմանադրական։ Ի՞նչ մեխանիզմ կա, որ դեռ Ազգային ժողովում օրենքը խնդիրներ չունենա սահմանադրականության հետ։ «Ա1+»-ի հարցին պատասխանում է Գագիկ Հարությունյանը. «Մեզնում դրա տեսակարար կշիռը մեծ է։ Վեջին տարիների ընթացքում 160-ից ավելի օրենքների տարբեր դրույթներ ճանաչել ենք Սահմանադրությանը հակասող։ Նորմը մի բան է ասում, իրականում դատական պրակտիկան կարող էր այլ կերպ կիրառվել, եթե առաջնորդվեր իրավունքի գերակայությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում