Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմությունն իշխանության հետ փոխհամաձայնության է եկել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
etm-lsumner6

ԱԺ ընդմիջումից հետո Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նոր ԸՕ համահեղինակ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ այս ընթացքում 4+4+4 ձեւաչափով ձեռքբերված համաձայնագիրը ստորագրած հինգ ուժերի հետ հանդիպում են ունեցել ու եկել կոմպրոմիսային լուծման: Հիմնական բանավեճը եղել է ուրիշի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարության շուրջ: Նախագծով առաջարկվում էր 2-5 տարվա ազատազրկում, եթե վստահված անձը կամ դիտորդը սուտ հայտարարություն են տալիս այդ մասին: «Կեղծ հայտարարության հետ կապված վեճ չունենք, միայն սուտի դեպքում կա դիֆերենցում: Անփութության արդյունքում սուտ հայտարարությունը կենթարկվի քրեական պատասխանատվության կամ նվազագույն աշխատավարձի 200-800-պատիկի չափով, կամ մինչեւ երկու տարվա ազատազրկման»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Բացի այդ, ՀԱԿ-ը ներկայացրել է 10 այլ առաջարկ, ըստ որոնց առաջարկվում է վստահված անձանց ու դիտորդներին իրավունք տալ ստորագրված ընտրացուցակներից քաղվածք եւ նշումներ կատարել. «Գաղափարը հասկանալի է, ուղղակի խմբագրական մի փոքր շտկումներ կանենք: Մյուս առաջարկով նշվում է, որ նույն անձը չի կարող նույն ընտրության ժամանակ տարբեր հանձնաժողովներում անդամ լինել: Առաջարկն ընդունելի չէ, սակայն կարտացոլենք վերամշակվող նախագծում»: ՀԱԿ մյուս առաջարկները տեխնիկական բնույթի էին: «Այս ամենը ես չկարողացա այսօր լավաշով ներկայացնել, քանի որ քիչ առաջ ենք ընդամենը քննարկել, դրա համար խնդրում եմ վաղը փաթեթով այս բոլոր առաջարկները ներկայացնել ու նոր միայն քվեարկենք»,- նշեց Դավիթ Հարությունյանը: ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը տարաձայնություն ուներ. «Ստացվում է՝ ազատազրկումը, այնուամենայնիվ, չի հանվել: Այդ դեպքում անհասկանալի է՝ ի՞նչն է այս համաձայնության նվաճումը այստեղ: Սա ճնշում է վստահված անձի, դիտորդի վրա: Սա մեծ թերություն է: Հիմա ո՞նց ենք տարբերելու դիտավորյա՞լ է սուտ հայտարարություն տվել, թե ոչ»: Իսկ ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն, ավելի կոնկրետ՝ խմբակցության կուսակցական անդամները հավատարիմ են իրենց ստորագրած համաձայնությանը. «Հիմա մենք կարողացանք մեղմացնել վիճահարույց դրույթը: Կոնկրետ մեզ բավարարում է այս տեսքը, իսկ պրակտիկան, կյանքն է ցույց կտա, թե ինչ արդյունքներ կունենանք»: «Սա այն հազվագյուտ դեպքերից է, որ ես կիսում եմ ձեր լավատեսությունը, պարոն Մելքումյան»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իր եզրափակիչ ելույթում Դավիթ Հարությունյանն ավելի կոնկրետացրեց ձեռք բերված նոր համաձայնությունը՝ սուտ հայտարարության վերաբերյալ. «Սա այն դեպքն է, երբ անձը վստահ չէ, որ ճիշտ է ասում, սակայն ողջամտությունը թելադրում է՝ որոշակի քայլեր անել՝ ճշտելու: Այստեղ խոսքը վերաբերում է հանցավոր անփութությանը, երբ անձն ուղղակի հայտարարում է, թե գիտի ուրիշի փոխարեն քվեարկելու մասին: Ինչո՞ւ ենք թողել ազատազրկման դրույթը, քանի որ հակառակ դեպքում այն կարող է առաջացնել ընտրական վատ հետեւանքներ, օրինակ՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները: Դատարանը հետագայում կքննի՝ հանրային ի՞նչ վտանգավորություն ունի այդ հայտարարությունը եւ ըստ այդմն էլ կսահմանի կամ տուգանք, կամ ազատազրկում»: ԱԺ արտահերթ նիստն այսօր ավարտվեց: