Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մահից 6 ամիս առաջ դեղերի վրա ծախսվում է ավելի շատ, քան ողջ կյանքում» (տեսանյութ)

Քաղաքականություն
68846

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ «ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» համաձայնագրին միանալու մասին» արձանագրության քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում խոսեց դեղերի գների մասին. «Կան հստակ ուսումնասիրություններ, որ մարդը մահվանից մոտ վեց ամիս առաջ ծախսում է այնքան, որքան ամբողջ կյանքի ընթացքում կծախսեր: Դրանք հիմնականում օնկոլոգիական դեղերն են: Այսօր գնում ես բժշկի, կամ իր ծանոթ դեղատուն է ուղարկում, կամ մի անորակ դեղ է տալիս, կամ թանկանոց մի դեղ, որը չկա կամ եթե բարեխիղճ է, ասում է՝ Վրաստանից բեր: Այստեղ արտադրված դեղը բերում, սրսկում ես, մարդը ընկնում է շոկի մեջ: Դե արի ու գտի այդ դեղ արտադրողին: Այնքան անխիղճ են, որ երեխաների կերերի մեջ են այդ մախինացիաներն անում: Այսպես անպատասխանատու պետական վերաբերմունք չի կարելի՝ ցանկացած մարդ ցանկացած քանակի դեղ բերի ու թունավորի ցանկացած թվով մարդկանց: Եւ բիզնեսի, եւ առողջապահական, եւ իմիջի առումով ենք մենք տուժում այսպիսով: Ես կողմ եմ քվեարկելու, քանի որ այս համաձայնագիրը ինչ-որ հույս է արթնացնում, որ կարող է ինչ-որ բան փոխել»: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր գոհունակությունը հայտնեց Արամ Մանուկյանի ելույթից:  Նրա ելույթից գոհ էր նաեւ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որն իր ելույթում պարբերաբար հղում էր անում Արամ Մանուկյանի խոսքերին: Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ քննարկվող համաձայնագրով կարևոր  խնդիրներ են լուծվում. «Որակի հաշվին էժան դեղեր մատուցենք մոտ ապագայում: Խթանենք նաեւ մեր դեղարտադրությունը, որ ավելի շատ արտահանենք ու աշխատատեղեր ստեղծենք»: Եզրափակիչ ելույթում Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ կիսում է պատգամավորների կողմից բարձրացված բոլոր մտահոգություններն ու հարցերը. «Բոլոր խնդիրներին պետք է դրական լուծումներ գտնենք, պետք է ճիշտ բալանսը գտնենք»: