Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՕ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց. անզգույշ մեղքի խնդիր կա (տեսանյութ)

Քաղաքականություն
aj2

104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները: Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնության կողմից միտում է տեսնում՝ տապալելու 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնագիրը. «Տապալել համաձայնագիրը, նշանակում է ստորագրված ընտրացուցակները չհրապարակել: ՀՀԿ հետ մեր քննարկումներն արդյունք չտվեցին: ԱԺ նախագահը խոստացել է, որ քննարկումները շարունակվելու են: Եթե այդ քննարկումներն էլ արդյունք չտան, ապա երկրորդ ընթերցման ժամանակ մենք դեմ ենք լինելու, այս անգամ կողմ ենք քվեարկելու»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր կողմից նշեց, որ համաձայնագիրը ստորագրած հինգ ուժով այսօր քննարկում են ունեցել. «Ուղղակի կային մասնագիտական տարբերություններ: Կոչ եմ անում կողմ քվեարկել ու շարունակել քննարկումները»: ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ խնդիրը հետեւյալումն է՝ իրենք ոչ թե դեմ են, այլ կա քրեական դիսպոզիցիայի խնդիր. «Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անզգույշ մեղքին: Այս դեպքում քրեական պատասխանատվություն է սահմանվում, եթե քաղաքացին դիմում է ընտրական հանձնաժողովին՝ կրկնաքվեարկության մասին նշելով, սակայն հնարավորություն չի ունեցել ճշտելու այդ փաստը: Սա անընդունելի  է քրեական իրավունքում ու պրակտիկայում: Եթե այս հարցում համաձայնության գանք, ապա բոլորին կոչ կանեմ կողմ քվեարկել»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ մի փոքր թնջուկ կա այստեղ. «Գրեթե բոլորս նույն խնդիրներն ենք առաջ քաշում: Եղել է  պայմանավորվածում, որ կողմ քվեարկենք, քանի որ կրկին փոփոխություններ կլինեն այս հոդվածում: Այդ պատճառով մենք կողմ կքվեարկենք»: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ բողոքարկման գործընթացին՝ նշելով, որ այս ժամանակ քաղաքացիները ընդհանրապես համարձակություն չեն ունենա դիմելու, քանի որ կարող են երկուսից երեք տարվա ազատազրկում լինի, եթե չապացուցեն իրենց ճշմարտացիությունը. «Այս դեպքում կրկնաքվեարկությունը հնարավոր չի լինի բացառել, սա լուրջ խնդիր է: Ես զարմանում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը համառորեն որեւէ զիջման չի ուզում գնալ: Ես դեմ եմ քվեարկելու»: