Նախագահականի պատասխանը սարիթաղցիներին չի բավարարում (տեսանյութ)
Հուլիսի 19-ին Սարի Թաղում ոստիկանության հետ ընդհարման արդյունքում կալանավորված 9 անձանցից 4-ի դատական նիստն այսօր արդեն երրորդ անգամ հետաձգվել է: Հարազատները դեռ նախորդ շաբաթ նախագահական դիմում էին ներկայացրել՝ խնդրելով ազատ արձակել ձերբակալվածներին: Այսօր եկել էին դիմումի ընթացքի մասին տեղեկանալու: Նախագահականի վերահսկողական ծառայության աշխատակից Ներսես Մինասյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ ծառայության պետը ցուցարարների դիմումն ուղարկել է գլխավոր դատախազին՝ ճշտելու, թե ինչու են ձերբակալվել քաղաքացիները: Ստացված պատասխանը կալանավորվածների հարազատներին չէր բավարարում, նրանք էլ որոշեցին չհեռանալ նախագահականից. «Էդ նամակները ով է անում, ինչ է անում թող անեն, մենք մեր տղաների ազատությունն ենք ուզում, մենք նախագահից խնդրում ենք մեր տղաների ազատությունը, իրենքն արդար են, բռնված են լրիվ անիմաստ»,- ասաց կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը: