Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիան կշարունակի աջակցել ՀՀ գյուղատնտեսությանը

Պաշտոնական
shar

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայիարտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնարավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կշարունակվեն զարգանալ և ընդլայնվել: «Մեզ համար շատ կարևոր է Ֆրանսիայի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում, ֆրանսիական ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացումը և փորձի կիրառումը մեր երկրի ագրարային բնագավառում: Ֆրանսիան մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, իրականացվում են համատեղ ծրագրեր, կազմակերպվում խորհրդատվություններ: Հուսով ենք, որ այս ոլորտում ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները ոչ միայն կշարունակեն աստիճանաբար զարգանալ, այլև կունենան իրենց գործնական դրսևորումը տարբեր ճյուղերում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Ընդգծելով, որ հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերը բարեհաջող են ընթանում` նախարարը միաժամանակ հնարավոր է համարել ընդլայնել համագործակցության շրջանակները և առաջիկայում համատեղ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, ինտենսիվ այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, կոոպերացիայի զարգացման և այլ ուղղություններով: Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ այսօր անհրաժեշտ է զարգացնել ագրարային բնագավառի հատկապես այն ուղղությունները, որոնք թույլ կտան ավելացնել գյուղացիների և փոքր ու միջին ֆերմերների եկամուտները: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին վերահաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկու երկրների միջև ձևավորված ակտիվ փոխգործակցությունը: Դեսպանն առանձնակի կարևորել է նաև Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը և ընդգծել դրանք շարունակելու մտադրությունը: Տեղեկացնելով, որ դեկտեմբեր ամսին նախատեսվում է անցկացնել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի հերթական նիստը, որի քննարկման թեմաների մեջ ներառված են նաև գյուղատնտեսությանն առնչվող հարցեր, դեսպանը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին մասնակցել այդ միջոցառմանը:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին