Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը երաշխավորում է՝ ՀՀԿ-ն չի դիմի ՍԴ (տեսանյութ)

Քաղաքականություն
Davit-Harutyunyan-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին Ընտրական նոր օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ նշեց, որ ՀԱԿ-ն իր ստորագրության տերն է, ու եթե հիմա ինչ-որ հարցեր տա, դա դեռ չի նշանակում, որ հետ են կանգնում այդ ստորագրությունից. «Ուղղակի ուզում եմ անդրադառնալ ուրիշի փոխարեն ստորագրելու դեպքերի հայտարարություններին, որոնց համար հոդված ենք սահմանել՝ երկուսից երեք տարի ազատազրկում: Կեղծիքը հայտնաբերող մարդու մոտիվացիան այս դեպքում կորում է, վախ է առաջանում իր մոտ, ու նա կսկսի խուսափել ասել, որ կեղծիք է հայտնաբերել՝ եթե սխալվեց, ապա կդատապարտվի սուտ հայտարարության համար: Մենք կաշկանդում ենք նրան նախագծում առկա ավելորդ էպիտետներով»: Նախագծի հեղինակ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ այդ էպիտետները եկել են իրական կյանքից. «Աներկբա եւ այլ նմանատիպ էպիտետները գնահատողական դատողությունների տեսանկյունից են պետք, քանի որ ձեւակերպումները պետք է լինեն հստակ: Օրինակ՝ չպետք է լինի ըստ հարեւանների կողմից տրված տեղեկությունների, ըստ շրջանառվող լուրերի, հակառակ դեպքում ընտրական մղձավանջ կստեղծենք, առերեւույթ խախտումների պատկեր այսպիսով կստեղծենք: Անձը հստակ պետք է գիտակցի իր պատասխանատվությունը»: Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե տեսանկարահանման, հեռարձակման հետ կապված Կառավարության մրցույթին ոչ մի ընկերություն հայտ չներկայացնի, այդ դեպքում ի՞նչ է լինում. «Ես կողմ եմ ընտրացուցակների հրապարակմանը, սակայն որքանո՞վ եք հավանական համարում այն, որ ՀՀԿ-ն որեւէ լծակով կդիմի ՍԴ՝ այս դրույթը չեղյալ համարելու համար, քանի որ ՍԴ-ն մի որոշում է ընդունել, որտեղ արձանագրել է՝ ընտրացուցակները հրապարակման ենթակա չեն: Դուք, պարոն Հարությունյան, որպես պատասխանող եք հանդես եկել ՍԴ-ում: Այդ ժամանակ ՍԴ-ն նաեւ հղում էր արել ԵԽ որոշումներին»: Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՍԴ հետ կապված որեւէ կանխատեսում չի անում. «Ես երաշխավորում եմ՝ ՀՀԿ-ն չի դիմելու ՍԴ, սա ասում եմ որպես կուսակցական: Գոնե մինչեւ եկող ընտրություն ՀՀԿ-ն չի դիմի ՍԴ: Ինչ վերաբերում է հեռարձակման մրցույթին, ապա եթե հայտեր չլինեն, ապա տեսանկարահանում չի լինի, իսկ այլ լուծում ես չեմ գտնում»: