Առաջարկում են հեռուստամարաթոն անցկացնել սիրիահայերի համար (տեսանյութ)
Հրապարակախոս Կարինե Հակոբյանը մտահոգված է հալեպահայերի կյանքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ մինչ պատերազմական գործողությունները, Սիրիայի հայ համայնքն ինքը պետք է միջոցներ ձեռնարկեր՝ հայերին տարհանելու համար: «Ես պասիվություն եմ տեսնում Սիրիայի հայ համայնքի՝ եկեղեցու, կուսակցությունների կողմից: Նրանք պետք է դիմեին ՀՀ իշխանություններին, բայց ես այդ ցանկությունը այսօր չեմ տեսնում: Կարծում եմ, որ փորձում են պահել հայկական համայնքը, չեն ցանկանում, որ այն քայքայվի: Բայց այստեղ խոսքը մարդկանց անվտանգության մասին է, ուստի այս պարագայում նրանց կողմից հանցագործություն է այդ պասիվ վերաբերմունքը»: Հրապարակախոսը նշեց, որ լավ կլիներ մեր կառավարությունն ավելի ադեկվատ արձագանքեր Սիրիայում կատարվող իրադարձություններին, այլ ոչ թե քայլեր ձեռնարկել միայն դեպքերից հետո՝ չիմանալով, թե ինչ անել: Կարինե Հակոբյանը հավելեց, որ սիրիահայերի վերադարձը Հայաստան մեծ օգուտ կարող է բերել մեր երկրին: Ասուլիսին ներկա էր նաեւ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, ում խոսքով՝ Սփյուռքի նախարարությունը արագ է արձագանքում սիրիահայության խնդիրներին: Նրա խոսքով, սակայն, մեր երկիրը պետք է պատրաստ լինի ընդունել նրանց: «Մեր երկիրը շատ փոքր է, թույլ է: Սփյուռքի նախարարությունը այդքան գումար չունի, միջոցներ չունի: 20 տարի Ղարաբաղի համար փող ենք հավաքում, ինչու՞ հիմա չհավաքենք սիրիահայերի համար, մի ավան, թաղամաս կառուցենք»: Բանախոսները կոչ արեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին առանձին մարաթոն անցկացնել սիրիահայերին Հայաստանում աջակցության համար, ինչպես նաեւ՝ կառուցվի ավան, պետական շինարարություն իրականացվի եւ շատ հրատապ կազմակերպվի սիրիահայության տեղափոխումը Հայաստան: